Վերջնարդյունքը սահմանների բացումն է. Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից սպասումների վերաբերյալ:

Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց հետևյալը. «Իսկապես, հիմա հետահայաց նայելով կարծում եմ, որ մեր որոշումը՝ մասնակցել ԱԳ նախարարի մակարդակով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ որոշում էր, և ինչպես մինչ այդ հրապարակավ, ինչպես այդտեղ տեղում՝ հանդիպման ընթացքում, այնպես էլ հիմա ուզում եմ ասել, որ մենք հիմա վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են և արժե և պետք է որ կարգավորեն հարաբերությունները, հարաբերություններ հաստատեն և բացեն սահմանները: Կարծում եմ, որ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ:

Անշուշտ, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերը՝ ինչպես մենք, այնպես էլ թուրքական կողմը, վերահաստատեցինք, որ շարունակում ենք երկխոսությունը՝ գործընթացն առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները: Մի փոքր տակտիկական կամ տեմպի առումով որոշակի տարբերություններ, անշուշտ, կան երկու կողմերի միջև, բայց ընդհանուր, առնվազն վերբալ մակարդակով, երկու կողմերս էլ հաստատում ենք, որ նպատակը, վերջնարդյունքը հենց սահմանների բացումն է: Այդ բացման կոնտեքստում ընթացիկ խնդիրներ էլ ենք դիտարկել՝ սահմանային, առևտրային»:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև հայկական մեդիատիրույթում և սոցիալական մեդիայում քննարկված՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ առանց փողկապ լինելու թեմային:

«Ասեմ այդ չարչրկված փողկապի թեմայով. ընդհանրապես, այդ ֆորումն առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված, և տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ նախարարների մի մասը կրում էր փողկապ, մյուս մասը՝ ոչ: Նույն նախարարները հաջորդ օրը կարող էին ճիշտ հակառակ կերպով վարվել: Ինձ կարող եք Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ տեսնել փողկապով, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման լուսանկարում ես եմ առանց փողկապի, և Շալենբերգն է փողկապով: Ֆորմատը ուղղակի այդպիսին էր»,- ասաց ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ իր ժպիտին, ապա նախարարը նշեց, որ թեման շատ է չարչրկվել:

«Բայց, այնուամենայնիվ, ասեմ մոտավորապես այն, ինչ ասացի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի և նրանց ընտանքիների անդամների զգացմունքների հանդեպ, եթե իմանամ, որ իմ ժպիտը կարող է ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ»,- ասաց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում