Հուսով ենք՝ հատուկ գործողությունը կավարտվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ամրագրող փաստաթղթով. Լավրով

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ-Ն ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Հուսով ենք՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կավարտվի այդ երկրի չեզոք կարգավիճակն ամրագրող համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մշտապես հետ է պահում ուկրաինական պատվիրակությանը Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթացից: Դիվանագետն ուկրաինական ճգնաժամի պատճառը համարել է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են նաև, որ Մոսկվան ոչ լեգիտիմ է համարում ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները և այժմ մշակում է պատասխան սահմանափակումներ:

Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ Ռուսաստանը երբեք չի օգտագործել, օրինակ, էներգամատակարարումը, որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել Եվրոպա էներգակիրների մատակարարման իրենց պարտավորությունները:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ Է

Եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա հաջորդ ձմռանը Գերմանիան չի կարողանա լուծել ջեռուցման և արդյունաբերության հետ կապված խնդիրները: Այդ մասին ասել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:

Պաշտոնյան հայտնել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և փնտրելու ուղիներ՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու համար:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՐԿՎԵԼ Է ԱԶՈՎԻ ԾՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր բնակչության գրեթե մեկ քառորդը ստիպված է եղել լքել տները։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 6 միլիոնը, ավելի քան 3 միլիոն մարդ էլ ապաստանել է հարևան երկրներում։

Ուկրաինայում բնակիչների անվտանգ տարհանման համար այսօր համաձայնեցվել է հումանիտար 10 միջանցք՝ հայտնել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Ավելի վաղ Ուկրաինայի զինվաժ ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմն Ուկրաինային զրկել է դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից։ Մի շարք քաղաքների համար մարտերը շարունակվում են:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Եկել է Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպելու ժամանակը, անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ խաղաղություն հաստատելու շոշափելի բանակցություններ անցկացնելը Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ մեղմելու սեփական սխալների հետևանքները։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են տևել ևս մի քանի շաբաթ՝ փոխբացառող իրավական խնդիրների պատճառով։ Նա հայտարարել է՝ ուկրաինական կողմի հիմնական պահանջներն են՝ հրադադարը, զորքերի դուրսբերումը և վիճելի տարածքների հարցի քաղաքական կարգավորումը։

Նախօրեին ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան և Կիևը հաստատեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համաձայնագիրը։

ԱՄՆ-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ

ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին և այդ երկրում ոչ թռիչքային գոտի չի սահմանի, կրկնում է ամերիկյան կողմը: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ոչ թռիչքային գոտի ստեղծելը կնշանակի առճակատում Ռուսաստանի հետ:

«Մենք փորձում ենք խուսափել դրանից։ Խոսքը երկու միջուկային տերության մասին է։ Ոչ ոք չի ցանկանում նման բանի ականատես դառնալ»,- նշել է Օսթինը:

Վաշինգտոնը հայտնում է նաև, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու դեպքում կչեղարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում