Ինչ կարող է առաջարկել Հայաստանը ՌԴ-ից տեղափոխվել ցանկացող բիզնեսին

ԱԱրման Գալոյան

Տրանսֆերտների, արտահանման շահույթի նվազում, գնաճային սպասումներ՝ սրանք այն գործոններն են, որոնք Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին ազդել կամ կարող են ազդել մեր երկրի տնտեսության վրա: Մյուս կողմից՝ իրավիճակը, ըստ մասնագետների, կարող է նաև մի շարք ոլորտների համար հնարավորություններ բացել՝ զբոսաշրջությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: Էկոնոմիկայի նախարարությունում էլ ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնես հիմնելու աշխատանքային խումբ։

Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Օրինակ՝ ՏՏ ոլորտի դեպքում մենք գիտենք, որ մեր աշխատանքի շուկայում առաջարկի և պահանջարկի միջև մեծ խզվածք կար հատկապես փորձառու մասնագետների մասով, և այս իրավիճակը մի հնարավորություն է ստեղծել, որ հնարավոր է` մեծաքանակ ռուս և նաև, ինչու չէ, ուկրաինացի ՏՏ ոլորտի մասնագետներ գաղթեն Հայաստան` իրենց գործունեությունը հայկական ընկերություններում շարունակելու համար:

Ճգնաժամը, որպես կանոն, նաև հնարավորություն է, նշում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը, հիշեցնում, օրինակ՝ կորոնավիրուսը նպաստեց, որ թվայնացման գործընթացն արագանա:

Մանուկյանը նաև պատճառներ է նշում, թե ինչու պետք է Ռուսաստանից կամ Ուկրաինայից դուրս եկող բիզնեսը դիտարկի հենց Հայաստան գալու տարբերակը:

Արտակ Մանուկյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Այստեղ կարող է Հայաստանը հանդես գալ որպես բավականաչափ լիբերալ ֆինանսական շուկա ունեցող երկիր, որովհետև մի շարք գնահատումներով, մասնավորապես` տնտեսական ազատության համաթվով, որն անդրադառնում է նաև ֆինանսական ինստիտուտներին, Հայաստանը համարվում է բավականաչափ ազատ և առանց որևէ խնդիրների ֆինանսական համակարգ ունեցող երկիր:

Ռուսաստանում օտարերկրյա ներդրումներով աշխատող մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, դադարեցնելով գործունեությունն այդ երկրում, դիտարկելու են այլընտրանքային շուկաներ:

Հայկազ Ֆանյան - Իհարկե, այս առումով Հայաստանի հետ մրցակցում են Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, բայց մեր առավելությունն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և ընկերությունները, ըստ էության, պետք է ընտրություն կատարեն: Օրինակ՝ մենք գիտենք, որ Վրաստանի դեպքում հնարավոր է լոգիստիկ ծախսերը շատ ավելի ցածր լինեն, բայց Վրաստանը, լինելով երրորդ երկիր, ոչ ԵԱՏՄ անդամ, բնականաբար այդ ապրանքները հետագայում ԵԱՏՄ արտահանելի մաքսատուրքերի հետ են բախվելու, իսկ Հայաստանի դեպքում այդ խնդիրը չկա:

Օդային տրանսպորտի և զբոսաշրջության առումով ևս Հայաստանը կարող է այլընտրանք լինել: Մաստեր և վիզա քարտային համակարգերը դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանի առաջատար բանկերի հետ, խնդիրներ կան նաև Apple և Google փեյերից օգտվելիս:

Արտակ Մանուկյան - Կենտրոնական բանկը քանի որ որևէ սահմանափակում չի դնում ռեզիդենտության առումով, այսինքն` անկախ նրանից` դու Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ես, թե Հայաստանի Հանրապետության, դու կարող ես ազատորեն հաշիվ բացել, դրանով գործարքներ անել և այլն:

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արդեն 100-ից ավելի ընկերություն է դիմել Հայաստան տեղափոխվելու համար: Գործարար համայնքն արձագանքում է իրավիճակին և փորձում հնարավորություններ փնտրել: Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ պետությունը թեկուզ ոչ հրապարակային, սակայն կարող է ինչ-որ քայլեր իրականացնել Ռուսաստան-Արևմուտք խզումը մեղմելու համար: Ֆանյանի համոզմամբ՝ օտարերկրյա բիզնեսի համար Հայաստանը պետք է մշակի արտոնությունների այնպիսի փաթեթ, որը մրցունակ կլինի տարածաշրջանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում