Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ՀԱՊԿ-ի վրա հույս դնել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

ՄՄերի Եգորյան

Ռուսաստանի ԱԳՆ աջակցությամբ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում կայացավ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովը: ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներն ու կառույցի գլխավոր քարտուղարը անդրադարձ կատարեցին միջազգային ներկայիս լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի հիմնական խնդիրներին, ինչպես նաև Եվրասիական անվտանգային հարցերի՝ հաշվի առնելով նաև ոչ վաղ անցյալի ճգնաժամերը։

ՀԱՊԿ-ն իր գոյության ընթացքում կարևոր տեղ է զբաղեցրել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շարքում՝ դառնալով նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործոն։ Կառույցին նման գնահատական տվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև տարբեր ուղղություններով կառույցի ներուժի զարգացման և տարբեր մեխանիզմների կատարելագործման խնդրի վրա։ Փոխնախարարն իր խոսքում կարևորեց Հայաստանի նախագահությունը և գործընկեր անդամ-պետությունների հետ առաջնահերթությունների համատեղ իրագործումը: 

Արմեն Ղևոնդյան, ՀՀ ԱԳ փոխնախարար - Ձեռնարկվում են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում։

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ՀԱՊԿ-ի վրա հույս դնել՝ նշեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանի ընթացքում: Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից կստանա ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ լիարժեք օգնություն՝ նրան դիմելու դեպքում:

Ալեքսանդր Պանկին, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ - Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Ի՞նչ է պահանջվելու, ի՞նչ ծավալով, ո՞ր տարածքում՝ դա արդեն այլ հարց է: Համապատասխան դիմումի դեպքում դա շատ արագ կդրվի քննարկման, ինչպես Ղազախստանի դեպքում էր: Դաշնակիցների և մյուս հարևանների միջև հավասարության որևէ հարց չկա: Դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մյուսները։

Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը հաստատեց նաև կառույցի գլխավոր քարտուղարը։

Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Ես չեմ կասկածում, որ հիմքերի առկայության և Հայաստանի պաշտոնական դիմումի պարագայում, այնպես, ինչպես կազմակերպության անդամ յուրաքանչյուր այլ երկրի, այդպիսի օգնություն կցուցաբերվի, ինչպես Ղազախստանի դեպքում: Դա է կազմակերպության հիմքում, և եթե այդպիսի համոզմունք չլինի, կազմակերպությունն ուղղակի չի կարող գոյություն ունենալ:

Քննարկման շրջանակում չշրջանցվեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի Զինված ուժերի ներխուժման փաստը, որը պարբերաբար էսկալացիաների պատճառ է դառնում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավատացած է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը թույլ կտա էապես ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:

Ստանիսլավ Զաս - Անշուշտ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան։ Ես այնտեղ էի, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է տեղի ունենում։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի։ Հայաստանի և Ադրբեջանի առջև այժմ սահմանի սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր է դրված։ Դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է: Կա զգուշավոր լավատեսություն, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և սկսվում է ուրիշ ժամանակաշրջան:

Զասի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է ազդում ամբողջ ՀԱՊԿ անվտանգության ապահովման վրա, իսկ անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջները ելնում են կազմակերպության բոլոր անդամների շահերից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում