Աջակցել թռչնամսի տեղական արտադրությանը. քննարկում ՄՊՀ-ում

ԱԱրսեն Մկրտչյան

Թռչնամիս, մասնավորապես հավի միս մեր երկրում սկսել են ավելի շատ արտադրել, սակայն ներմուծումը շարունակում է զգալիորեն գերազանցել տեղական արտադրությանը: 2020 թվականին Հայաստանում սպառվել է ավելի քան 42 հազար տոննա հավի միս, որից միայն 13000 տոննան է տեղում արտադրվել: Ի՞նչն է խոչընդոտում տեղական արտադրությունը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ամբողջ շղթան՝ ներմուծումից մինչև տեղական արտադրություն: Հանձնաժողովի նախագահն է տեղական արտադրողներին ներկայացնում թռչնամսի շուկայի համաշխարհային միտումները:

Գեղամ Գևորգյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ) - Թռչնամսի շուկայում արտադրության ծավալները շատանում են, բայց սպառումը է՛լ ավելի արագ տեմպերով է ավելանում:

Ինչ անել, որ համաշխարհային միտումներից հետ չմնանք, հավի միսն էլ հիմնականում մերը սպառենք: Հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման խնդիրներ՝ բարձրաձայնում են տեղական արտադրողները: Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ հայ արտադրողները որքան էլ փորձեն ներմուծվածից ավելի էժան թռչնամիս արտադրել, ինքնարժեքը միշտ թանկ է ստացվում՝ 1 կգ-ի հաշվարկով մոտ 150 դրամ:

Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Գազը ծախսում ենք 3.5 անգամ ավելի, քան Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, մեր արտադրանքի ինքնարժեքի 60 տոկոսը կազմում են համակցված կերերը, որոնք գերակշռող մասով ձեռք է բերվում Ռուսաստանից և Ուկրաինայից:

Եթե նախկինում մեր երկիր թռչնամիս ներկրվում էր հիմնականում Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից, ապա այժմ նաև՝ Ուկրաինայից:

Աննա Պետրոսյան (ՄՊՀ շուկաների վերլուծության և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատար) - Ներմուծման 31 տոկոսը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ երկրներում ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում Ուկրաինայի հետ 0 տոկոս մաքսատուրքով:

Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ մրցակցային անհավասար պայմանները, մասնավորապես, Ուկրաինայից ներկրվող էժան թռչնամիսն էլ հենց խոչընդոտում են տեղական արտադրությունը:

Սերգեյ Ստեփանյան  - Դու տալիս ես հնարավորություն՝ դրսից ներկրողները բերեն ավելի էժան, մուտք անեն Հայաստան, քան տեղի արտադրողները: Դա յուրահատուկ դեմպինգ էր:

Սառեցված թռչնամիսը նաև սառցաջուր է պարունակում, որին սպառողն ուշադրություն չի դարձնում: Թռչնաբույծների միության նախագահն իրատեսական չի համարում կարճ ժամկետում թռչնամսի պահանջարկն ամբողջությամբ տեղականով բավարարելը: Յուրաքանչյուր լրացուցիչ 5 հազար տոննա փակ ցիկլով թռչնամիս արտադրելու համար հարկավոր են 16 և ավելի մլն եվրոյի ներդրումներ, ինչը ենթադրում է մայրական հոտի ապահովում, ճտերի բազմացում, կերի համալիր արտադրություն: Ի դեպ, այսօր մայրական կազմ ունեն միայն երկու-երեք թռչնաֆաբրիկաներ:

Գեղամ Գևորգյան - Մեր ամենախոշոր խաղացողի ծավալը էականորեն զիջում է ամենախոշոր ներմուծողի ծավալներին:

Ինչպես օգնել տեղական արտադրողներին՝ քննարկվում են մի քանի տարբերակներ՝ նշում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյան  - Մի տարբերակ կա՝ խոշոր ներդումային ծրագրերը ֆինանսավորենք, երկրորդ տարբերակը՝ Կառավարության ունեցած լիզինգի ծրագրերում մասշտաբներն ավելացնենք:

Ի դեպ, այս տարի Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ՝ թռչնամսի համար տրված 44 հազար տոննայից դեռևս կիրականացվի 30 հազար տոննա սակագնային քվոտայի բաշխում: Սահմանվել է 25% մաքսատուրք` 80-ի փոխարեն։

Գեղամ Գևորգյան - Քվոտաներն այս տարի կբաշխվեն հետևյալ կերպ՝ 50 տոկոս՝ ավանդական ներմուծողներին, 50 տոկոս՝ արտադրողներին:

Սակագնային քվոտան կկիրառվի մեկ տարի ժամկետով։ Իսկ թռչնամսի ներմուծման լիցենզիա կտրամադրի էկոնոմիկայի նախարարությունը։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում