Լիզինգով ձեռք բերված գրավադրված ավտոմեքենայով չեն կարող լքել երկիրը, եթե չկա բանկի համաձայնությունը

ՄՄայա Խաչատրյան

Առանց լիզինգատուի համաձայնության՝ լիզինգով ձեռք բերված մեքենան չի կարող հատել Հայաստանի սահմանը. ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթին գործադիրը հավանություն տվեց: Գործող կարգավորմամբ՝ լիզինգառուն ցանկացած պահի մեքենան դուրս հանելու իրավունք ունի, զսպող մեխանիզմ չկա:

Անի Միքայելյան (ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետի պաշտոնակատար) - Դրա հետևանքով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը և կորստի ռիսկը, բնականաբար, մեծանում են:

Խնդրի մասին բանկերն են բարձրաձայնել. Ազգային ժողով է դիմել լիզինգային գործունեություն իրականացնող բանկերից մեկը, հիշեցրել 2021-ի օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ առանց գրավառուի համաձայնության գրավատուն իրավունք չունի գրավ դրված տրանսպորտային միջոցով հատելու երկրի տարածքը: Նույն կարգավորումը, ըստ այդ կազմակերպության, պետք է տարածվի նաև ֆինանսական լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի դեպքում: Կարգավորման բացակայության հետևանքով առաջ եկած խնդիրները համատարած չեն, բայց, ըստ Միքայելյանի, որոշվել է լուծում տալ՝ հետագայում բացառելու համար՝ հաշվի առնելով նաև, որ լիզինգային պայմանագրերի թիվն ավելանում է:

Անի Միքայելյան - «Ակբա» բանկը նշել էր, որ միայն 2021-ին 10 տրանսպորտային միջոցի ճակատագիրն անհայտ է, 4-ը հատել են սահմանը՝ առանց լիզինգատուի համաձայնության: Ստացվում է՝ 14 դեպքով արձանագրվել է, որ իրականացվել է տեղաշարժ, և՛ տրանսպորտային միջոցի կորստի ռիսկ կա, և՛ լիզինգատուի իրավունքների ոտնահարման ռիսկ: Մնացած բանկերը նշել էին, որ նման դեպք չի արձանագրվել, բայց համակարծիք են՝ կարգավորման անհրաժեշտություն կա:

Փոփոխություններ են արվել Քաղաքացիական օրենսգրքում և «Պետական սահմանի մասին» օրենքում: Լիզինգով գնված մեքենայի բացթողումը սահմանին արգելվում է, եթե կան տվյալներ, որ լիզինգատուի և լիզինգառուի միջև կնքված է տրանսպորտային միջոցի տեղաշարժման սահմանափակման՝ Հայաստանի տարածքը հատելու արգելք:

Անի Միքայելյան - Պետական սահմանը հատելու ընթացքում գոյություն ունի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, որտեղ տվյալները ներբեռնվելու են: Երբ տեսնում ես, որ կա արգելք, այսինքն՝ որ տրանսպորտային միջոցն օգտագործողը պետք է ցույց տա համապատասխան համաձայնություն, դրա բացակայության դեպքում պետք է արգելես տրանսպորտային միջոցի տեղաշարժը, որ այս դեպքում փորձես օգնես լիզինգատուին, ապահովագրես նրա իրավունքները:

Օրենսդրական կարգավորմամբ՝ ստեղծվում են երաշխիքներ, որ մեքենան չանհետանա՝ հունվարի 20-ի Կառավարության նիստում թեմային անդրադառնալով նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա:

Պայմանագրով նախատեսվում են հնարավոր խախտման ժամանակ իրավական հետևանքները. սահմանը հատելու համար՝ կարգավորում չկար. անշարժ գույքի վարկը չվճարելու դեպքում եթե բանկը կարող է գնալ համապատասխան հասցեով, շարժական գույքի դեպքում ո՛չ լիզինգառուին է հնարավոր գտնել, ո՛չ մեքենան: Կարգավորումն ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանն այն ընդունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում