Ռուբեն Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ բանաձևի քննարկմանը

ՄՄարիա Գաբրիելյան

Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Շնորհակալ եմ, տիկին նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել համազեկուցողներին՝ տիկին Օլբերգին և պարոն Կիլյունենին, նրանց գերազանց աշխատանքի համար: Սա սպասված զեկույց էր, քանի որ վերջինը եղել է 2011 թ.: Զեկույցը սկսվում է 2018 թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարության զարգացման բարձր գնահատականով և արժանին է մատուցում, որ Հայաստանը հաղթահարել է քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքների պատճառով: Մենք շատ բարձր ենք գնահատում, որ Վեհաժողովը նման բարձր գնահատական է տվել մեր ժողովրդավարական զարգացմանը:   

Գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքը, իրոք, փորձաքար դարձավ Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության համար: Սակայն մենք կարողացանք հաղթահարել այն խաղաղ ճանապարհով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի՝ որպես ազատ, արդար և մրցակցային, որոնք հարգում էին հավասարության և հիմնարար սկզբունքները:  Չնայած ընտրություններն անցան արտասովոր և մարտահրավերներով լեցուն իրավիճակում, դրանք ցույց տվեցին ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների անփոփոխությունը և ապացուցեցին, որ Հայաստանում ազատ ընտրությունները երաշխավորված են և ժողովուրդն իրացրեց իր իշխանությունը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ՝ ընտրությունների և ուղղակի ժողովրդավարության  այլ միջոցներով: Ժողովրդավարության կենտրոնացումը՝ ժողովրդավարական կառույցների հզորացման, օրենսդրական բարելավվումների և կառավարական այլ բարեփոխումների միջոցով, մեզ համար առաջնահերթություն է:

Մենք իրականացրել ենք բարեփոխումներ, որոնք ուղղված են ընտրական գործընթացների բարևելավմանը, ներառյալ՝ օրենսդրության փոփխությունը, որը կերաշխավորեր ընտրական իրավունքի իրացումը:  Այս գործընթացները նախաձեռնվել են՝ հաշվի առնելով եվրոպական չափորոշիչները, միջազգային մասնագիտացված կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության մասին՝ կցանկանայի ընդգծել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը, որի դերն ընդգծվել է նաև  համազեկուցողների կողմից՝ որպես նշանակալի գործիքակազմ, որը երաշխավորում է կառավարման համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Դա մի յուրօրինակ մարմին է, որն աշխատում է կառավարության հետ՝ մշակելու կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը և դրա իրագործման ուղիները:

Կառավարության գործունեության մյուս խոշոր ոլորտն անկախ դատական համակարգն է: Կառավարությունը նախաձեռնել է դատական համակարգի օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը և արդարադատության արդյունավետ վարչարարությանը՝ վերանայելով մի քանի ռազմավարական ուղղություններ: Բարեփոխումների նպատակն է՝ երաշխավորել դատավորներին առնչվող կոռուպցիոն ստուգումները, նրանց  և դատարանների գործունեության արդյունավետությունը,  դատական պրակտիկայի միասնականությունը, դատավարական օրենսդրության արդիականացումը և այլն:

Գործընկերներ, այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է առերեսվել բազում լուրջ մարտահրավերների: Առաջինը և ամենակարևորը Հայաստանի հանդեպ անվտանգության և ռազմական սպառնալիքն է: Ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն իրենց ամենավատ ազդեցությունն են ունենում կայունության, կյանքի բնականոն ընթացքի և զարգացման ուղղության վրա:    

Այդուամենայնիվ, մենք վստահ ենք, որ խաղաղությունը կայունության երաշխավորման և հետագա զարգացման լավագույն ճանապարհն է, և այդ նպատակով մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման, ինչպես նաև բոլոր մարդասիրական խնդիրների լուծման, որոնցից ամենակարևորը բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և ապահով վերադարձն է:

Վերջում, սիրելի բարեկամներ, կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այն բարձր գնահատականի համար, որ նրանք տվել են ժողովրդավարության ուղուն, որ ընտրել է Հայաստանը: Սակայն ես պետք է շեշտեմ, որ, ինչպես իմ բարեկամ Ալեքսանդր Պոչեյը նշեց, Հայաստանի ժողովրդավարությանն ուղղված գլխավոր վտանգը ներսից չէ, այլ դրսից, և ես հույս ունեմ, որ Հայաստանը միայնակ չի լինի ժողովրդավարության իր ընտրած ուղով ընթանալիս:

Շնորհակալ եմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում