Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի առավելագույնը 10 օր

ԱԱրթուր Խաչատրյան

ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԿՍԿՍՎԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
Իրավիճակը Ղազախստանում կայունացել է և շուտով կսկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահների դուրս բերումը: Խորհրդարանի առաջ հեռավար ելույթում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, մանրամասնել՝ գործընթացը երկար չի տևի:

Կասիմ-Ժոմարտ Տոկաև (Ղազախստանի նախագահ) - ՀԱՊԿ հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերումը: Այդ գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի:

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
Ղազախստանի նախագահը նաև ազդարարել է երկրում մասշտաբային բարեփոխումներ սկսելու մասին: Տոկաևի խոսքով, Ղազախստանի ժողովրդին համակարգային և մշտական հիմքով պետք է օգնություն ցուցաբերել: ՀԱՊԿ-ի միասնական զորախումբը Ղազախստանում է մոտ մեկ շաբաթ: Այս ընթացքում խաղաղապահ ուժերը հսկողություն են սահմանել մի շարք կարևոր օբյեկտների՝ այդ թվում Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ: Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել զորքի կառավարման միասնական շտաբից:

Ղազախստանի ՊՆ
«Զորակազմը ներգրավված է միայն առավել կարևոր օբյեկտների պահպանման գործում: Իսկ մեր զինված ուժերը զբաղված են իրավիճակի կայունացմամբ»:

Ղազախստան զորք ուղարկելու որոշում են կայացրել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: Հայաստանը 100 զինվորականով է մասնակցում խաղաղապահ առաքելությանը: Իրավիճակը կայունացման մասին են վկայում նաև տարբեր քաղաքներից հրապարակվող տեսանյութերը: Չնայած իրավիճակի հանդարտեցմանը՝ հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը շարունակվում է: Ցույցերը դադարելուն պես օդանավակայանները սկսել են ընդունել միջազգային չվերթները: Վերագործարկվել է նաև Երևան-Ակտաու-Երևան ուղղությունը: Քաղաքներում մարդիկ աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին:

Էլմիրա Շայախմետովա - Լրագրող - Այս պահին իրավիճակը մայրաքաղաք Նուրսուլթանում հանգիստ է: Զանգվածային ցույցերը դադարել են: Ալմաթիում նույնպես ընդհանուր վիճակը կայունանում է: Խոսել եմ ընկերներիս հետ, հանրային տրանսպորտն աշխատում է: Մարդին վերադառնում են բնականոն կյանքին»:

Ղազախստանում միաժամանակ փորձում են գնահատել տնտեսական կորուստների ծավալը: Նախագահ Տոկաևը նշել է, որ պատճառված վնասը մոտ 3 միլիարդ դոլարի է հասնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում