Եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են. Զախարովա

ԳԳևորգ Թոսունյան

ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ. ԶԱԽԱՐՈՎԱ

2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով 2021 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Բաքուն և Երևանը շարունակում են հավատարիմ մնալ դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և անվերապահ պահպանմանը: Այս տարի իրականացած աշխատանքի մասին բավական մանրամասն խոսել են նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Զախարովան անդրադարձել է «3+3» ձևաչափով սպասվող հաջորդ հանդիպմանը: Նա նշել է, որ ձևաչափի բոլոր մասնակիցները հետաքրքրված են համատեղ աշխատանք կատարելու և պրակտիկ գործակցություն հաստատելու հնարավորությամբ: Ինչ վերաբերում է հաջորդ նիստի անցկացման վայրին և օրակարգին, դա պետք է համաձայնեցնեն մասնակից երկրների ԱԳ նախարարությունները՝ կոնսենսուսի սկզբունքով:

Մարիա Զախարովա - Մենք ելնում ենք նրանից, որ նախևառաջ անհրաժեշտ է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային-հումանիտար կապերի, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Այդ բոլոր ուղղությունները կարող են նպաստել տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդմանը:

Զախարովան հավելել է, որ առաջին նիստի ժամանակ մասնակից բոլոր երկրները միաձայն հետաքրքրություն են հայտնել վրացական կողմի ներգրավման կապակցությամբ և համաձայնել, որ Թբիլիսիի համար դուռը միշտ բաց է:

ՌԴ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է Ալիևի սադրիչ հայտարարությունը թե իբր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա նույն իրավական ռեժիմը, ինչ Լիչինի միջանցքը՝ չնայած որևէ եռակողմ հայտարարության մեջ նման բան նշված չէ: Զախարովան նշել է, որ իրենք արձանագրում են նման հայտարարությունները, և կողմերի հետ աշխատանք է տարվում, որպեսզի չվնասեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ նպաստավոր միջավայրի ձևավորմանը:

Մարիա Զախարովա - Ինչպես և պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները Սոչիում, մենք շարժվում ենք դեպի կոնկրետ տրանսպորտային նախագծերի հնարավորինս արագ մեկնարկ»:

Անդրադառնալով դեկտեմբերի 28-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը՝ Զախարովան նշեց՝ ոչ ֆորմալ հանդիպումը չի նախատեսում ֆիքսված օրակարգ, իսկ նոր եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որևէ տեղեկություն չունի:

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում