ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումները. Փրայս

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ-Ը ՈՂՋՈՒՆԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ողջունել է Բրյուսելում օրերս տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հետագա ուղիղ շփումներին»,- ընդգծել է Փրայսը։

ԲԱՅԴԵՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ 2024-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին: Ընդ որում՝ որպես փոխնախագահի թեկնածու՝ նորից կառաջադրվի Քամալա Հարիսը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը։

Ըստ Reuters-ի՝ նախագահության 1 տարվա ընթացքում Ջո Բայդենի աջակցությունը նվազել է՝ 55 տոկոսից դառնալով 48: Զուգահեռաբար աճել է նաև դժգոհ քաղաքացիների տոկոսը՝ 32-ից հասնելով 48 տոկոսի: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ անկում է ապրել նաև փոխնախագահ Քամալա Հարիսի վարկանիշը:

2021-ԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

2021 թվականին աշխարհում կալանավորված լրագրողների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 488-ի։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցում։ Պատանդ է պահվում 65 լրագրող, սպանվել է 46-ը:

Ըստ իրավապաշտպան կառույցի՝ ռեկորդային է նաև կալանավորված կին լրագրողների թիվը. նրանցից 60-ը բանտարկվել է մասնագիտական գործունեության պատճառով:

ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Միացյալ նահանգները պատժամիջոցներ կկիրառի վրացական, թուրքական, մալայզիական և չինական մի շարք ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների համար: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը:

«37 կազմակերպության գործունեությունը ամերիկյան կառավարության կողմից ճանաչվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

«ՕՄԻԿՐՈՆԸ» ՉԱՓԱԶԱՆՑ ԱՐԱԳ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ. ԱՀԿ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը չափազանց արագ է տարածվում և մի քանի շաբաթվա ընթացքում իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի գծով հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն։

Նրա խոսքով՝ «Օմիկրոնով» վարակման դեպքերի թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ։ «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում իրավիճակը մեկ շաբաթվա ընթացքում ութ անգամ ավելի կվատթարանա, իսկ 2 շաբաթում՝ 40 անգամ»,- հայտարարել է Նաբարոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում