Պետք է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը. Զախարովան՝ Ալիևի ելույթի մասին

ՄՄերի Եգորյան

Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով ձևավորվելիք համատեղ հանձնաժողովի շրջանակում։ Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Սոչիի պայմանավորվածությունները հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների պատրաստակամությունն իրավիճակի կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ:

Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Մենք ակտիվ աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Տարածաշրջանում բոլոր տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում նույնպես ջանքերը շարունակվում են:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում:

Չնայած եռակողմ երեք հայտարարություններով ստանձնած հանձնառություններին՝ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ հնչեցնելով նաև պատերազմի սպառնալիքներ: Վերջին նման օրինակն Իլհամ Ալիևի օրեր առաջ արված հայտարարությունն էր, որով նա հայկական կողմին կոչ էր անում նշել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ Զախարովան ընդգծում է՝ անհրաժեշտ է խուսափել եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը խոչընդոտող նմանատիպ քայլերից:

Մարիա Զախարովա - Պետք է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը:

Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը, որը նման առաջին դեպքը չէ, Զախարովան նշեց.

Մարիա Զախարովա - Ռուսաստանը, որպես միջնորդ և խաղաղապահ ջանքերի համալիր ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար։ Միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է, բայց այսպես թե այնպես պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց դեկտեմբերի 10-ին Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով նիստի անցկացումը Մոսկվայում: Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի փոխարտգործնախարարները. Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից:

Զախարովան անդրադարձավ նաև Հայաստանում Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ հանրային ընկալումների մասին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկումների վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության օրերս տարածած մեկնաբանությանը:

Մարիա Զախարովա - Թեման շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ իր հայ գործընկերոջ հետ դեկտեմբերի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել: Մենք այդ թեման համարում ենք փակված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում