Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները

ՄՄերի Ներսիսյան

ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:

«Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, ինչպես նաև Հայաստանին՝ փոխանակելու ականապատ դաշտերի վերաբերյալ հասանելի տեղեկությունը՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների արձակումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը: Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը՝ աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման քայլերին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակում»:
 

ԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԿԱ ԴՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ. ՄՈՒՐԱԴՈՎ
Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ Նա շեշտել է, որ ներկայում շարունակվում են գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: «Կա դրական ընկալում,- ընդգծել է Մուրադովը,- ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ կարգավորվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս խնդրին»,- հաստատել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։

Ռուստամ Մուրադովը նշել նաև, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհերի 1960 աճյուն է վերադարձվել հայկական և ադրբեջանական կողմերին. որոնողական աշխատանքները շարունակվում են:


ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ծառայությանն է անդրադարձել ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողները հիմա կենտրոնացած են ռազմագերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ Գերասիմովի խոսքով՝ լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահպանման համար ռուս խաղաղապահները կազմակերպել են դիտակետերում հերթապահություն ու պարեկություն՝ խաղաղապահ առաքելության գործողության տարածքում: ՌԴ գլխավոր շտաբի պետը նաև հիշեցրել է, որ հրադադարի լրացուցիչ վերահսկման համար այս տարվա հունվարից Ակնայում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Մեկնարկել է Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկօրյա գագաթնաժողովը: Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ նախագահը: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրի ղեկավարներ, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միջոցառումն անցկացվում է հեռավար ձևաչափով:

Այս գագաթնաժողովը Վաշինգտոնը դիտարկում է որպես խթան աշխարհում ժողովրդավարական երկրների հրատապ խնդիրների լուծման համար։ Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 10-ին ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումներն իրատեսական և կառուցողական են՝ ի տարբերություն Արևմուտքի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ «Մինչ այս պահը մենք որևէ կառուցողական և հեռուն գնացող առաջարկ չենք ստացել մյուս կողմից, ինչը հակասում է բանակցություններում լուրջ մտադրությունների մասին նրանց հայտարարություններին»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը: Աբդոլլահիանը եվրոպական երկրների հայտարարություններն «ապակառուցողական» է որակել՝ հավելելով, որ դա բարդացնում և ձգձգում է համաձայնության հասնելու գործընթացը: Վիեննայում այսօր վերսկսվում է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը:


ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ ԱՄՆ-Ն ԱՆՑՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ
ԱՄՆ դաշնային կառավարությունը մինչև 2035 թվականը կդադարեցնի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների գնումները և անցում կկատարի էլեկտրամոբիլների: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Որոշակի բացառություններ կարվեն ռազմական և տիեզերական ծրագրերի համար: Միացյալ Նահանգների կառավարությունն այժմ ունի ավելի քան 650 հազար ավտոմեքենա և տարեկան ձեռք է բերում մոտ 50 հազար ավտոմեքենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում