Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հերթական կեղծիքին

ՎՎարդան Հովսեփյան

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման եռակողմ և դրան հաջորդած հայտարարությունների տեքստային արձանագրումներն են՝ Կրեմլի պաշտոնական կայքում: Դրանցից ոչ մեկում, ինչպես երևում է, «Զանգեզուր» կամ «Զանգեզուրի միջանցք» եզրույթ ուղղակի չկա: Նման եզրույթ չկա նաև այդ հանդիպումներից հետո երկրների ղեկավարների անունից և ստորագրությամբ տարածված հայտարարության տեքստում:

Ռուսաստանի ղեկավարի, միջազգային այլ գործընկերների հետ հանդիպումներում և ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը կարծես թե մոռանում է այսպես կոչված «Զանգեզուրի թվացյալ միջանցքի» մասին, հիշում միայն Էրդողանի ներկայությամբ, դե մեկ էլ հայրենակիցների հետ զրույցներում: Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ղեկավարը, դիմելով Հայաստանին, նոր սպառնալիքներ է հնչեցրել.

Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ - Հայտնեք ժամկետը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում որևէ խնդիր չի լինի: Լավ կլիներ, որ այդ հարցը կառուցողական դաշտում լուծվեր՝ բանակցությունների և փոխըմբռնման միջոցով:

Ժամեր անց Ադրբեջանի ղեկավարի հիշողությունը փաստերով՝ տասը կետով թարմացրեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով. ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում և այդ փաստաթղթերում Հայաստանի կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման կամ պայմանավորվածություն չկա: Մեր արտաքին գերատեսչությունը նաև հիշեցրել է այս տարվա նոյեմբերի 5-ին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի փոխվարչապետի հանդիպման ժամանակ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը:

Ալեքսեյ Օվերչուկ, ՌԴ փոխվարչապետ - Ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով:

Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 1-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տեղեկատվական նյութ էր տարածել, որում հստակ նշված է՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են՝ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են՝ հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Ամբողջացնելով նշված փաստերը՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է՝

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որի աշխատանքը խոչընդոտվում է Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում