30 տարիների ընթացքում սովորական դարձած վարչական ռեսուրսի մասին պատկերացումներն արդեն ուրիշ են

ԳԳևորգ Թոսունյան

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին: Այսպիսին է գնահատականն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի, որը հետևել է ընտրություններին՝ նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 143 տեղամասերում և 23 տարածքային ընտրական հանձնաժողովներում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ ընտրախախտումներ արձանագրվել են, բայց ոչ այնպիսիք, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ նախորդ երկու ՏԻՄ ընտրությունների համեմատ այս ընտրություններին խախտումների տեսականին մեծացել էր: Դատախազությունում արձանագրվել է ընդհանուր 75 ահազանգ, հաղորդում, հրապարակում: 75 արձանագրումից 27-ի դեպքով ստուգողական գործողություններ են իրականացվում: 

Նախորդ 2 ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցուցված քրեական գործեր չկան, վերջին ընտրության նախընտրական շրջանում հարուցվել է 1 գործ:

Դատախազությունից «Լուրերին» փոխանցեցին, որ ըստ մարզերի ամենաշատ հաղորդումներն ստացվել են Գեղարքունիքից, Լոռիից, Շիրակից, Կոտայքից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իրավախախտումներից բացի խնդրահարույց է համարում նաև դաշինքների ձևավորումը՝ կուսակցությունների ոչ գաղափարական միավորմամբ:

Դիտարկումները ցույց են տվել, որ փոխվել է նաև քարոզարշավի ընթացքում կիրառվող գործիքակազմը: 30 տարիների ընթացքում սովորական դարձած վարչական ռեսուրսի մասին պատկերացումներն արդեն ուրիշ են:

Այսօր արդեն վարչական ռեսուրս է համարվում քարոզարշավի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի ներկայացումը, թեկնածուի՝ պատգամավորական գործունեության շրջանակում կատարած այցերը, որոնք օրենքը չի արգելում: Վստահ են՝ նախկին ծանր օրինակները էլ չեն կրկվելու: Կարծում են՝ ընտրական օրենսգիրքը դեռ բարելավելու և փոփոխելու տեղ ունի: Բացեր կան, որոնք այս ընտրությունների ընթացքում են նաև հանդիպել:

Անդրադառնալով Մասիսի ոստիկանության բաժին Այնթապից բերման ենթարկված 4 անձանց՝ ոստիկանությունից «Լուրերին» հայտնեցին, որ նրանք ազատ են արձակվել և շարունակվում են նյութեր նախապատրաստվել: Հիշեցնենք՝ տվյալ անձիք բերման էին ենթարկվել Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում