Իրավիճակը Դոնբասի հարցի շուրջ սրվել է

ՄՄերի Ներսիսյան

Դոնբասում տիրող իրավիճակը վերջին օրերին ավելի սուր երանգ է ստացել: Պաշտոնական Մոսկվան այսօր ահազանգ հնչեցրել՝ Կիևն այնտեղ է տեղափոխել 125 հազար զինծառայող և սպա՝ ուկրաինական բանակի անձնակազմի կեսը՝ վստահեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոսկվային անհանգստացնում է խնդրի խաղաղ կարգավորումից Կիևի փաստացի հրաժարումը՝ հավելել է նա:

Ուղղակի բանակցություն՝ Կիևի պահանջն է: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ պատերազմը չի կարող դադարել առանց Ռուսաստանի հետ անմիջական բանակցության:

Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահԵս չեմ վախենում Վլադիմիր Պուտինի նրա հետ անմիջական զրույցից, մենք չենք վախենում ուղղակի երկխոսությունից. բոլորը գիտեն, թե եվրոպական որ երկրներն են աջակցում Ուկրաինային:

Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն «ուկրաինացիների և ուկրաինացիների» միջև բանակցություններն են՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա քաղաքացիական պատերազմ է, որը հրահրվել է 2014 թվականին՝ հայտնի իրադարձությունների ֆոնին: Ռուսաստանը հակամարտության կողմ չէ՝ շեշտել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան անում է հնարավորը, որպեսզի օգնի Ուկրաինային՝ լուծել Դոնբասի հարցը:

ՆԱՏՕ-ի անդամներից շատերը լարվածության համար մեղադրում են Մոսկվային: Դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կառույցի գլխավոր քարտուղարը Մոսկվային կոչ է հղել՝ փոխանցելով արտգործնախարարների մտահոգությունները:

Յենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄենք պետք է զգոն մնանք և խուսափենք էսկալացիայից: Նախարարները հաստատեցին, որ Ռուսաստանը բարձր գին կվճարի ագրեսիայի դեպքում, և դա լուրջ քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա Մոսկվայի համար: Մենք հավատարիմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Գրեթե նույն բովանդակությամբ կոչեր են հնչել Բրյուսելից:

Ժոզեպ Բորել, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչԱմեն ինչ պետք է արվի, որպեսզի պարզ լինի, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կունենա ուժեղ պատասխան: ԵՄ-ի համար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վեր են ամեն ինչից։ Եվ մենք ամուր և վճռական կկանգնենք Ուկրաինայի կողքին՝ նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու ցանկացած փորձի առջև:

Փոխադարձ մեղադրանքների ֆոնին ռուս-ուկրաինական սահմանին զորավարժություններ է սկսել Ռուսաստանը: Վարժանքներին ներգրավված է ավելի քան 10.000 զինվորական: Վլադիմիր Պուտինը մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի արևմտյան սահմանին վտանգ ստեղծելու համար:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահԱյս իրավիճակում մենք համարժեք ռազմատեխնիկական միջոցներ ենք ձեռնարկում։ Կրկնում եմ՝ մենք որևէ մեկին չենք սպառնում: Մեզ դրա համար մեղադրելն առնվազն անպատասխանատվություն է:

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի ղեկավարը Դոնբասում տիրող իրավիճակը կքննարկի թուրք գործընկերոջ հետ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Պաշտոնական Մոսկվան կոշտ էր արձագանքել՝ պնդելով, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ, իսկ հակամարտությունը, որի կարգավորմանը ցանկանում է օգնել Թուրքիան, Ուկրաինայի ներքին խնդիրն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում