Բողոքի ակցիաներ Թուրքիայում

ԴԴիանա Գասպարյան

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները Ստամբուլում ցրել են կառավարության տնտեսական քաղաքականության և գնաճի դեմ բողոքի ցույցը։ Ցույցի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը: Ձերբակալվել է ակցիայի ավելի քան 30 մասնակից: Ոստիկանությունը ուժ և արցունքաբեր գազ է կիրառել նաև Ստամբուլում տեղի ունեցած կանանց երթի մասնակիցների նկատմամբ, ովքեր բողոքել են երկրում կանանց նկատմամբ հանցագործությունների թվի աճի, ինչպես նաև լիրայի արժեզրկման և գնաճի դեմ:

Թուրքիայի կառավարության վարած տնտեսական քաղաքականության և մարդկանց կենսապայմանների վատթարացման հետ կապված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Անկարայում և այլ քաղաքներում:

ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՕԳՏՎԻ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԽ

Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման ընձեռված հնարավորությունից և հետևի հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանմանն ու համագործակցի։ Այս մասին ասվում է Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

«Հայաստանը պետք է գնահատի որպես հնարավորություն իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարը և համագործակցելու հանձնառություն ցուցաբերի»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԾԽԱՀԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՄԱՐԴ

Ռուսաստանում՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 50 մարդ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 60 մարդ։ Ըստ նախնական վարկածի՝ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։ Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին ու տեղամասի պետին։

Արտակարգ պատահարի պահին գետնի տակ է եղել 285 մարդ, մեծ մասին հաջողվել է դուրս բերել։ 35 հանքափորի գտնվելու վայրն անհայտ է։

Հանքավայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Կեմերովոյի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո «կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել»: «Սա մեծ ողբերգություն է ընտանիքներիի, ազգականների համար։ Մեծ դժբախտություն է»,- ասել է Պուտինը։

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նիստ է հրավիրել՝ Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ կապված։ Կազմակերպությունը հայտնել է, որ հետևում է կորոնավիրուսի՝ տասնյակ մուտացիաներով նոր տարբերակին և նախատեսում է քննարկել, թե որքան արդյունավետ կլինեն առկա պատվաստանյութերը դրա դեմ պայքարում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ուսումնասիրում են նոր շտամը: Եթե արդյունքները մտահոգիչ լինեն, ապա այն կստանա հունարեն այբուբենի տառի անվանում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները հայտարարել էին դեպի հարավաֆրիկյան երկրներ թռիչքների դադարեցման մասին՝ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում