Ամուլսարի հարցով կառավարությունը դեռ որոշում չունի. Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հարցով կառավարությունը որոշում չունի, թեև հաջորդ տարվա բյուջեի «Ակնկալիքների» բաժնում ներառված է նաև հանքի հնարավոր շահագործման հետևանքով տնտեսական էֆեկտի հաշվարկը. այսօր հայտարարեց 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման համար խորհրդարան եկած շրջակա միջավայրի նախարարը:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ցանկացած գործընթաց՝ լինի ընդերքօգտագործում, թե այլ, պետական բյուջեում և կառավարության հնգամյա ծրագրում ամրագրված է, բայց եթե մի գործընթաց գտնվում է քրեաիրավական դաշտում, ապա ես չեմ կարող ասել՝ այն շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ:

2014 թվականին հանքի շահագործման իրավունքը կառավարությունը տվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որն իրականացրել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հետազոտություն և այն ժամանակվա բնապահպանության նախարարությունից ստացել դրական եզրակացություն: 2018-ին՝ հեղափոխությունից հետո, քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առիթով: Հանքը դեռևս չի շահագործվել: Շրջակա միջավայրի նախարարն այսօր հավելեց, այնուամենայնիվ, տնտեսվարողն ունի հանքը շահագործելու անհրաժեշտ փաստաթղթերը:

Ռոմանոս Պետրոսյան - Եթե տնտեսվարողն ուզի շահագործել հանքավայրը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին, լիցենզիաներին և ընդերքօգտագործման հայտին: Ջրօգտագործման այն թույլտվությունը, որ ունեն, իրենց այս պահին կարող է թույլ տալ մեկնարկելու այդ գործընթացը:

Քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ չկան: Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քրեական գործը մոտ է հանգուցալուծմանը, սակայն չէր պարզաբանել, թե ինչ ելքով:

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց նաև Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի շինությունների ապամոնտաժման ընթացքը: Աշխատանքների վերսկսման համար բյուջեում վերաբաշխում են արել, գնել 3 հատուկ տեխնիկա, մեկն էլ նվիրաբերել է Եվրամիությունը:

Ռոմանոս Պետրոսյան - 4 տեխնիկայով մենք ձեռնամուխ ենք լինելու թե՛ նիշից ցածր շուրջ 1600 կցակառույցների ապամոնտաժմանը, թե՛ կիսաջրածածկ անտառտնկարկների հեռացմանը:

Նախարարությունը Սևանի ափամերձ շինությունների քանդման և շինաղբի հեռացման աշխատանքներն սկսել է այս տարվա փետրվարին, ապամոնտաժել շուրջ 30 ապօրինի շինություն:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում