Քովիդ բաժանմունքները գերծանրաբեռնված են

ԱԱրևիկ Աբելյան

8603 հեռախոսահամարի զանգերին են այստեղ պատասխանում՝ 24/7 ռեժիմով, բոլորը մասնագետներ են: Տրիաժ կենտրոնի ղեկավարը նշում է՝ այսպես ծանրաբեռնված աշխատել են նախորդ տարվա հոկտեմբերին՝ պատերազմի օրերին:

Հռիփսիմե Մովսիսյան (Տրիաժ կենտրոնի ղեկավար) - Այս պահի դրությամբ արդեն 100-ից ավելի զանգ ենք ստացել, տանն սպասող քեյսերի թիվը գերազանցում է 300-ը: Նրանցից բոլորը չէ, որ կարող են այս պահին տեղավորվել ԲԿ-ներում, քանի որ մահճակալային ֆոնդը չի բավարարում:

Կենտրոն զանգերի թիվն ամեն օր է ավելանում, նկարահանման պահին էլ զանգերն անընդհատ էին:

Անահիտ Մարտիրոսյան (Տրիաժ կենտրոնի աշխատակից, մանկաբույժ) - Հիվանդությունը հիմա ավելի երիտասարդացել է: Ես՝ որպես մանկաբույժ, ասեմ, որ փոքրիկների մոտ ավելի շատ եմ նկատում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գերծանրաբեռնված աշխատում ենք նաև փոքրիկների հետ:

20 քովիդ կենտրոն, 2500 մահճակալային ֆոնդ, որից մոտ 400-ը ռեանիմացիոն են: Այս պահին Հայաստանը համավարակի դեմ պայքարում է ամբողջ ծավալով՝ նշում է առողջապահության փոխնախարարը:

Գևորգ Սիմոնյան (ՀՀ առողջապահության փոխնախարար) - Կրիտիկական մաքսիմումին ենք մոտեցել, այսպիսի լարվածություն եղել է միայն պատերազմի ժամանակ: Թթվածինակախյալ ժամանակահատվածը երկար է տևում, որը բերում է հիվանդանոցների ծանրաբեռնման: Նաև թթվածնի մատակարարման խնդիր ենք ունենում, որը չի եղել նախկինում:

Չորրորդ ալիքը նախորդներից տարբերվում է ագրեսիվ ընթացքով, որը պայմանավորված է դելտա շտամով: Սա պնդում են նրանք, ովքեր վերակենդանացման բաժանմունքներում ամեն օր ևս մեկ կյանք փրկել են փորձում:

Վալտեր Հակոբյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ Covid բաժանմունքի վերակենդանացման բաժնի բժիշկ) - Ավելի շատ տարածվածությունը դելտա շտամինն է: Հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են՝ թե՛ ռեանիմացիոն, թե՛ թերապևտիկ բաժանմունքը: Այն հիվանդները, որոնք ունեն թոքաբորբ, սպասում են տանն իրենց հերթին:

Առավոտյան ռեանիմացիայում 7 մահճակալ է ազատվել, մեկ ժամում 6 ազատ տեղը լրացվել է:

Վալտեր Հակոբյան - Այս պահին ունենք մեկ ազատ տեղ: Վերակենդանացման բաժանմունքում չունենք պատվաստված հիվանդ, որը պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով: 

Ավելացնում է՝ մեր զրույցի ընթացքում գուցե արդեն հիվանդ են տեղափոխում, և արդեն այդ տեղն էլ չկա: Մահճակալները 15-20 րոպե են ազատ մնում՝ նշում են նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի քովիդ բաժանմունքում:

Ալվարդ Հովհաննիսյան («Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի բժիշկ) - Միջինում 12-15 դուրսգրում ենք ունենում, և տեղերը լրանում են անմիջապես: Հիվանդության պրոգրեսը, եթե նախկինում 10-12 օրում էր, հիմա՝ 5-6 օր: 

Հիվանդանոցի քովիդ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը նշում է՝ պատվաստված հիվանդների դեպքում հիվանդության միայն դրական ելք են ունեցել:

Էթերի Կարապետյան («Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Մինչև այս պահն ընդունել ենք 600-ից ավելի պացիենտ, որից պատվաստված է եղել 2 հոգի, իրենք հասել են վերակենդանացման բաժանմունք, ելքը եղել է դրական:

Փոխնախարարն էլ ամենամեծ քովիդ կենտրոնի օրինակն է բերում:

Գևորգ Սիմոնյան - «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ապրիլից մինչ օրս հոսպիտալացվել է շուրջ 10.000 քաղաքացի, նրանցից պատվաստված եղել են 90-ը, մահ չենք ունեցել:

Փոխարենն ավելացել են մահվան դեպքերը նաև երիտասարդների շրջանում:

Գևորգ Սիմոնյան - Արդեն  երիտասարդների մահվան մի քանի դեպք ենք ունեցել՝ 22, 26, 28 տարեկան: Երեկ ծննդկան կինը՝ 30 տարեկան, մահացավ քովիդից:

Փոխնախարարը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են նաև հղիություն պլանավորողների և հղիների համար: 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում