ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային նախաձեռնություններն ու երկկողմ օրակարգը
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են խոշորագույն «Հյուսիս-Հարավ» և «Պարսից Ծոց-Սև ծով» տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը: Հայաստան այցելած Հնդկաստանի առաջին արտգործնախարար դեռ իր ամփոփիչ խոսքում հայտարարեց՝ երկրների միջև կա հաղորդակցության խնդիր: Հայաստանի գլխավոր դիվանագետը հաստատեց՝ այս երկու նախագիծը՝ բանակցությունների առանցքում են եղել: Արարատ Միրզոյանը նաև իրանական կողմի հետ բանակցություններից որոշ փակագծեր բացեց:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Մենք բնականաբար անդրադարձել ենք ենթակառուցվածքներին:
Հնդկաստանը զգալի ներդրումներ է կատարել իրանական Չաբահար նավահանգստի արդիականացման և զարգացման համար: Այժմ այն կարևոր հանգույց է, որը փաստացի կարող է դառնալ «Պարսից-Ծոց-Սև Ծով» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների սկիզբը: Այս երկու նախագծի մաս կազմելու դեպքում, Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա և դեպի հյուսիս, և դեպի Եվրոպա իրանական և հնդկական բեռների համար: Հնդկաստանի արտգործնախարարն այսօր փաստացի հաստատեց՝ իր երկիրը շահագրգռված է առաջ մղել այս նախագծերը:
Սուբրամանյամ Ջայշանկար (Հնդկաստանի ԱԳ նախարար) - Մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստն Իրանում: Եվ դա կնպաստի «Հյուսիս-Հարավ» նախագծին: Այն նոր առևտրային ուղիներ կստեղծի, որոնք ցամաքային են և ավելի արդյունավետ, քան ներկայիս ծովային ուղիները: Դա կնպաստի տնտեսական առաջընթացին: Նավահանգիստը մեզ համար ճանապարհ է բացում դեպի Կովկաս և Միջին Ասիա: Սա նախաձեռնություն է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ:
Այս նախագծերն ավելի կբարձրացնեն Հնդկաստանի կարևորությունը Հայաստանի համար:
Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Հնդկաստանը՝ Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. դա ամրագրված է նաև կառավարության ծրագրում: Ներկայիս բանակցությունների արդյունքներից հայկական կողմը գոհ է, պատրաստ՝ դրանք արագորեն կյանքի կոչել: Պաշտոնական Երևանը նաև համոզված է՝ Նյու Դելին մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կարող է իր մասնակցությունն ունենալ:
ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ
Հնդկաստանը մայիսին արձագանքել էր նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին, Բաքվին կոչ արել հետ քաշել ուժերը: Ներկայումս խաղախության օրակարգը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում,- հայտարարեց Հնդկաստանի գլխավոր դիվանագետը: Ջայշանկարը նաև արձանագրեց՝ երկրների միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի: Իսկ իր այցը երկկողմ հարաբերություններում նոր փուլի սկիզբն է:
Սուբրամանյամ Ջայշանկար - Շատ արդյունավետ հանդիպում էր: Իմ գործընկերոջ հետ երկկողմ հարցեր քննարկեցինք: Տարբեր մակարդակներում հետագա գործակցության շուրջ մեծամասամբ համամիտ էինք: Արձանագարեցինք, որ երկկողմանի հարաբերությունները զարգանում են: Սակայն, մեծ հնարավորություն կա ընդլայնելու տնտեսական գործակցությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները:
Հնդկաստանի արտգործնախարարը նաև տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրային համաձայնագիրը: Տնտեսական ցուցանիշները Երևանի և Նյու Դելիի միջև մեծ ծավալների դեռ չեն հասնում, սակայն վերջին տարիներին մի շարք ոլորտներում ակտիվություն կա:
Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներն այցելել են նաև Մահաթմա Գանդիի հուշարձան, մասնակցել Բարեկամության ծառատունկի արարողությանը:













