Ռիմա Դեմիրճյանը մանրամասներ է հայտնել բանակցություններում Ռ. Քոչարյանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան

ՇՇողիկ Գալստյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծվելու է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց խորհրդարանի խոսնակը: Ալեն Սիմոնյանը նման հանձնաժողով ստեղծելու իշխող ուժի մտադրության մասին բարձրաձայնել էր դեռ ամիսներ առաջ, երբ 8-րդ գումարման խորհրդարանը ձևավորված չէր: Այժմ էլ Սիմոնյանը թեև հստակ ժամկետներ չի նշում, սակայն վստահեցնում է՝ հանձնաժողովի ձևավորման հարցը իրենց օրակարգում է:

Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահ) - Մենք ունենք պատգամավորներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, որոնք գաղտնիության հետ կապված իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել և չեն ստորագրել: Ազգային ժողովը դեռ ձևավորման փուլում է, դեռ ավարտված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն, այդ հանձնաժողովը լինելու է և գործելու է:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Սիմոնյանը այսօր չհստակեցրեց՝ կանոնակարգի պահանջո՞վ է այն ձևավորվելու, թե՞ այլ ձևաչափ է որոշվելու:

Ալեն Սիմոնյան - Էդ հանձնաժողովի պատասխանները այսօր ավելի շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը:

Մոտ երկու շաբաթ առաջ կալանավորված և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը երեկ հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյան տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար՝ հաշվի առնելով պետական շահը: Լրագրողները խորհրդարանի ղեկավարին հարցրին՝ արդյոք սա շանտաժ չէ՞:

Ալեն Սիմոնյան - Կաշխատեմ զերծ մնալ պարոն Տոնոյանի հետ կապված դիտարկումներից երկու պատճառով. նախ՝ մենք միասին աշխատել ենք, երկրորդը ՝ քրեական գործի հետ կապված իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս մեկնաբանություն անել:

Ազգային ժողովի նախագահը անդրադարձավ նաև արտաքին քաղաքական հարցերին: Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: Սիմոնյանը տեղեկացրեց՝ այդ երկրի գլխավոր դիվանագետի հետ ինքը ևս հանդիպում կունենա, իսկ քննարկվող հարցերից կխոսի միայն դրանից հետո: Փոխարենը Ազգային ժողովի նախագահը մանրամասներ ներկայացրեց Ռուսաստան պաշտոնական այցից: Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներում առաջնայինը եղել է ռազմագերիների վերադարձի հարցը:

Ալեն Սիմոնյան - Մեր ռուս գործընկերների մոտ հստակ ընկալում կա հարցի, կարող եմ ասել, որ այն պատկերացումները, այն գնահատականները իրավիճակին, որ մենք ունենք, գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են: Վստահեցնում եմ ձեզ՝ առաջիկայում դա շոշափելի կտեսնենք:

Գերիների վերադարձը ԱԺ նախագահը կարևորեց նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ֆոնին:

Ալեն Սիմոնյան - Էդ ճանապարհները բացելուց բացի, էդ ճանապարհներով նախևառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան: Կարող եմ ասել, որ հանդիպումների ժամանակ նույնիսկ կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել, ես խնդրել եմ միջամտել մեր կին ռազմագերու մասով: Ես այդ հարցը այսօր քննարկելու եմ նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոկտեմբերի 4-ի ասուլիսում արած հայտարարությանը, թե Արցախի հարցով իշխանությունը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է նստած, այլ սեղանի վրա է:

Ալեն Սիմոնյան  - Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որ ինքն ասում է, և միտքը, որ ես ընկալում եմ, դրանք համընկնում են: Չեմ կարող հասկանալ՝ ի՛նչ նկատի ունի՝ ասելով, որ սեղանի վրա է, ի՛նչ նկատի ունի՝ ասելով՝ ինչ-որ պայմանավորվածություններ: Կրկնեմ՝ բնական է, որ մարդու հիշողությունը և ընկալումը ասոցիատիվ են, և եթե ինքն իր աշխատանքի մասով ասոցիացիաներ է անցկացնում, դա իր խնդիրն է, բայց մի բան կարող եմ ասել. վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան, և տիկին Ռիման ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց նաև այն ժամանակ Քոչարյանի դիրքորոշման հետ կապված: Վստահեցնում եմ՝ պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու:

Ազգային ժողովի նախագահը ավելի քան կես ժամ տևած ճեպազրույցի ընթացքում խոսեց նաև իր և իր ընտանիքին առնչվող տարբեր հրապարակումներից՝ դրանք որակելով ապատեղեկատվություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում