Արցախի կարգավիճակի հարցը պահելու ենք օրակարգում. Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի հայ համայնքին

ՄՄերի Եգորյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիմոնյանը նախ ներկայացրեց պաշտոնական այցի շրջանակում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու դրանց արդյունքները՝ արձանագրելով, որ բազմաթիվ ոլորտներում երկու դաշնակից երկրների շահերը համընկնում են:

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Կա ընդհանուր ընկալում թե՛ ստեղծված իրավիճակի, թե՛ համագործակցության, թե՛ հետագա քայլերի հետ կապված:

Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակը, գերիների անհապաղ վերադարձը և չլուծված այլ մարդասիրական խնդիրներ:

Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ սահմանազատումն արվելու է խորհրդային քարտեզների հիման վրա, և հարցի արագ լուծումը կենսական նշանակություն ունի նախևառաջ Հայաստանի համար՝ անվտանգային տեսանկյունից:

Ալեն Սիմոնյան - Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ մեր առաջարկած քարտեզները համընկնում են ռուսական կողմի քարտեզների հետ:

Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համապարփակ լուծման անհրաժեշտությունից է խոսում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում է:

Ալեն Սիմոնյան - Արդեն Մինսկի խմբի համանախագահներն են եկել նրան, որ ասում են՝ կարգավիճակի հարց կա, մենք կարգավիճակի հարցը պահում ենք և պահելու ենք օրակարգում: Եվ հենց դրա համար է Ադրբեջանը մեզ ասում՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, դեմարկացիա անենք, մենք էլ ասում ենք՝ լավ, բայց դա կապ չունի Ղարաբաղի հետ:

Հանդիպմանը մասնակցող Ազգային ժողովի պատվիրակության մյուս անդամները ներկայացրին արցախցիների կորուստների փոխհատուցման վերաբերյալ Կառավարության տարաբնույթ ծրագրերը: Տեղահանվածներին հատկացվել է 50 մլրդ դրամ, ևս 13 մլրդ դրամ էլ հավելյալ՝ տարբեր կարիքներ հոգալու համար:

Ալեն Սիմոնյան - Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Մենք նույնպես մասնակցում ենք այդ ծրագրին: Մեր նպատակն է մարդկանց բնակեցնել Արցախում:

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն օրենսդիրի ղեկավարի հետ քննարկեցին Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը, հայրենադարձմանը, Հայաստանում ներդրումներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքին առնչվող հարցեր:

ԱԺ նախագահը շեշտեց, որ հայրենադարձման խնդիրը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրության և կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում