Համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը

ՍՍոնա Աղբալյան

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Համանախագահներն առանձին հանդիպում անցկացրեցին նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդեց համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ՝ ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ, որում նաև նշված է, որ համանախագահներն իրավիճակի դեէսկալացման կոնկրետ միջոցներ և հետագա հնարավոր քայլեր են առաջարկել:

«Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` գտնելու Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»:

Միջնորդները հանդիպման արդյունքները ներկայացրել են միջազգային այլ գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեին: Վերլուծաբանները սա Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկում են համարում:

Բաքուն, փաստորեն, հետ է կանգնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյությունը հերքող իր հռետորաբանությունից: Հաջորդ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ ներկայացված առաջնահերթությունների իրագործումն է:

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ:

Եվրամիությունը նույնպես պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպման ընթացքում քաղաքական քննարկումներից բացի կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը: Միրզոյանն ու Բորելը վերահաստատել են. պետք է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և վերջնական կարգավորել հակամարտությունը:

ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր վեհաժողովի կուլիսներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ է անցկացրել նաև Ֆրանսիայի արտգործնախարարը, որոնց ընթացքում նա իր զրուցակիցների հետ քննարկել է այն միջոցները, որոնք հնարավոր կլիներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման և լարվածության թուլացման համար: Ժան-Իվ Լե Դրիանը կողմերին առաջարկել է շարունակել քննարկումներն առաջիկա շաբաթների ընթացքում, այդ թվում՝ նախարարների մակարդակով: Ֆրանսիայի արտգործնախարարն ընգծել է նաև, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ համակարգում են ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ: Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում