Բողոքող խաղողագործներին հանդիպել է Էկոնոմիկայի նախարարը

ՎՎահե Կոստանդյան

Այն մթերողները, որոնք մինչև տարվա վերջ գյուղացու հետ պայմանագիր չեն ունենա, անտոկոս վարկ չեն ստանա: Ամեն տարի այս սեզոնին ծագող խաղողի մթերման խնդիրն այսպես է փորձում լուծել կառավարությունը: Խաղողագործներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց, նրանց հետ հանդիպել է Էկոնոմիկայի նախարարը:

Սամվել Մաթևոսյան, Բերքաշատ համայնք - Պայմանագիր չենք ունեցել, ինձ ասել են քանի տոննա հանձնել եք՝ ձեր տոննան ձեր պայմանագիրն է: Այսօր հասել է մթերման ժամանակ, մեզ ասում են՝ Ծառուկյանը չի մթերելու:

Խոսքը Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մասին է: Յուրաքանչյուր տարի գործարանի հետ խաղողագործներն աշխատել են բանավոր պայմանավորվածությամբ՝ ասում է մրգաշատցի խաղողագործը:

Գործարանից խաղողագործներին տեղեկացրել են, որ մթերելու տեղ չունեն: Մեկ շաբաթից ավելի իրականացվող բողոքի ակցիաները խաղողագործները տեղափոխել են կառավարության դիմաց: Կառավարությունից պահանջում են պարտադրել կամ օգնել գործարանին, որպեսզի իրենց խաղողը մթերեն:

Պարտադրել չենք կարող, բայց ամեն ինչ կանեն, որ գյուղացու բերքը դաշտում չմնա՝ հավաստիացնում է էկոնոմիկայի նախարարը: Գործարանի մթերվող ավելի քան 20 հազար տոննա խաղողի 10-ը հազարի հարցն Արարատի մարզում լուծված է, մնացածի մասով բանակցում են այլ մթերողների հետ: Նախարարը խաղողագործներին ներկայացնում է նաև հաջորդ տարվա համար կնքվող պայմանագրերի նոր կարգը:

Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Մենք այս տարի փոխելու ենք մեխանիզմը: Սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև տարվա վերջ: Այն պայմանագրերը, որոնք մթերողները չեն կնքի մինչև դեկտեմբերի 31-ը, մյուս տարի մենք իրենց անտոկոս վարկ չենք տա:

Նոր կարգը կգործի նաև բանջերեղեն մթերողների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում