1996-ից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են. Ալեն Սիմոնյան

ԱԱրսեն Մկրտչյան

Քառօրյայի առաջին օրը պատգամավորների սեղանին դրվեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը: Տիգրան Մուկուչյանին հարց տալու համար հերթագրվեցին հիմնականում ընդդիմադիր պատգամավորները: «Պատիվ ունեմի» քարտուղարը հիշեցրեց՝ ընտրական շրջանում հանձնաժողովը մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դիմումներ է բավարարել: Մամիջանյանը Մուկուչյանին հարցրեց՝ ի՞նչ պետք է լիներ, որ դրանք բավարարելու փոխարեն ԿԸՀ-ն բարձրաձայներ քաղաքական հետապնդումների մասին: Հանձնաժողովի նախագահը նկատեց՝ առաջին անգամ են կիրառել օրենքի այդ կարգավորումը ու բախվել են մի շարք հարցերի: Մուկուչյանի կարծիքով՝ հստակեցման խնդիր կա:

Դաշինքից Գեղամ Նազարյանն էլ հարցրեց, թե ե՞րբ են մաքրվելու ընտրացուցակները: Պատգամավորի խոսքով՝ դրանցում տեղ են գտնում անգամ այն մարդկանց անունները, որոնք արդեն 20-30 տարի երկրում չեն բնակվում:
Մուկուչյանը նկատեց՝ խնդիրն ավելի շատ ցուցակների կազմման մեթոդաբանությունից է գալիս: Ըստ օրենքի, եթե անձը Հայաստանի քաղաքացի է, ունի հաշվառում, ապա նրա անունն ընդգրկվում է ցուցակում: Ըստ Մուկուչյանի, առաջիկա ՏԻՄ ընտրությանը նոր մոտեցում է լինելու:

Մինչև հիմա առկա գործիքները հնարավորություն են տվել վերահսկել պրոցեսը՝ նշեց Մուկուչյանը: Ցուցակները հրապարակվում են ըստ տեղամասների, ընտրությունից հետո արդեն ստորագրված ցուցակներն են տեղադրվում ԿԸՀ կայքում: Թեմայի քննարկմանը նաև ԱԺ խոսնակը միացավ, ասաց՝ հարցը պետք է մեկընդմիշտ փակել:

Մուկուչյանը, որ 2012-ից ղեկավարում է ընտրական հանձնաժողովը, պատասխանատու է եղել վերջին 9 տարիներին անցկացված ընտրությունների կազմակերպման համար: «Պատիվ ունեմի» քարտուղարը դիմեց Մուկուչյանին, խնդրեց հստակեցնել:

Տիգրան Մուկուչյան, ԿԸՀ նախագահ մաս - Իմ կարծիքով՝ իրականացված ընտրությունները համապատասխանել են ընտրական օրենսգրքի պահանջներին:

2018-ից առաջ ու հետո կազմակերպված ընտրությունների թեման շարունակվեց նաև ելույթների ժամանակ: Արամ Վարդևանյանը խոսեց ՍԴ-ում ընտրությունների արդյուքները վիճարկելու գործընթացից: Պնդեց՝ իրենց դիմումում կային ընտրախախտումների մասին հիմնավոր փաստարկներ, բայց բարձր ատյանը մերժեց այն ու հղում տվեց իր կայացրած նախկին որոշումներին:

Ընդդիմությունից հիշեցրին, երբ գործող իշխանությունն ընդդիմադիր դաշտում էր, ընտրախախտումների համար քննադատում էր նաև Տիգրան Մուկուչյանին: Իսկ նրա օրոք, ըստ պատգամավորների, 4 համապետական ընտրություն է կազմակերպվել:

«Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը նկատեց՝ համեմատական անցկացնելով՝ ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե նախկինում ընտրությունները չեն կեղծվել: Իշխող խմբակցության պատգամավորը Արամ Վարդևանյանին հիշեցրեց 2003-ի բարձր դատարանի որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին, որն այդպես էլ կյանքի չկոչվեց ու դրան հաջորդեցին բողոքի ակցիաները: Եթե մինչև 2018-ը ընտրությունները չկեղծվեին, մարդիկ չէին մերժի նախկին համակարգը՝ պնդեց Ջուլհակյանը:

Արտահերթ ելույթով ամբիոնին նաև ԱԺ նախագահը մոտեցավ: Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ 96-ի մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են: Իսկ կալանավորված պատգամավորներից խոսող ընդդիմադիրներին ԱԺ խոսնակը հիշեցրեց վերջին ընտրախախտումներն ու բացահայտումները:

Նախընտրական շրջանում ճնշումներ ու վախի մթնոլորտ է եղել՝ ընդդիմադիրների այս քննադատություններին էլ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց:

ԿԸՀ-ի հաղորդումը խորհդարանն ընդունեց ի գիտությունն: ԱԺ-ն սկսեց, բայց աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված չավարտեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Թափուր տեղի համար մրցութային խորհուրդն առաջադրել է Մարիամ Գալստյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում