Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման գործընթացը. Անդրանիկ Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ամբիոնից խոսեց կառավարության ծրագրի մասին: Նա նշեց, որ կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման գործընթացը: 

«44-օրյա պատերազմից հետո մեր երկրի անվտանգային միջավայրի փոխված պայմաններում ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը չէր կարող ՀՀ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային դրույթներ չունենալ: Ծրագրի շրջանակներում զինված ուժերին վերաբերող հատվածում նշվում են հետևյալ մի քանի կարևոր դրույթները, առ այն, որ զինվորական ծառայության զարգացման և կատարելագործման հեռանկարների շրջանակներում կառավարությունն առաջիկայում ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ պայմանագրային ծառայության գործարկման հաշվին: Հետևաբար, ՀՀ զինված ուժերն աստիճանական անցում կկատարի պրոֆեսիոնալ, արհեստավարժ բանակի»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը մեջբերեց կառավարության ծրագրից մի հատված՝ նշելով, որ կառավարությունը նախատեսում է բարձրացնել զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգերի աշխատանքային արդյունավետությունը և որպես մեկնարկային քայլերից մեկը՝ վերանայելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր ռազմական դոկտրին, պետության պաշտպանության պլան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում