Հակամարտությունը լուծված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակը դեռևս որոշված չէ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱԱրթուր Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Լուրեր»-ին ասել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին: Նման հայտարարություն դիվանագետն արել է Սյունիքի մարզ այցի ընթացքում:

Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ դեսպան) - Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռևս որոշված չէ:

ԱՄՆ-Ը ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Դեսպան Թրեյսին առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և Արցախյան հակամարտությանը: Այս տարվա հուլիսին բարձրաստիճան դիվանագետն այցելել էր Գեղարքունիքի մարզի սահմանային գոտիներից մեկը, տեղում ծանոթացել իրադրությանը: Դեսպանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը սահմանին:

Լին Թրեյսի - Ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում գնալ իրավիճակի դեէսկալացիայի: Պետք է բռնություններին վերջ տալ:

Դա չափազանց կարևոր է նաև այն պատճառով, որ լարվածության կիզակետում հաճախ հայտնվում է քաղաքացիական բնակչությունը, իսկ դա անթույլատրելի է, նշեց Լին Թրեյսին՝ արձագանքելով դիտարկմանը, թե ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ. ԴԵՍՊԱՆ

Սյունիք հերթական այցի ընթացքում դեսպանը նաև անդրադարձել է մարզի անվտանգային հարցերին: Հայտարարել, այցելությունները կարող են շարունակվել և նույնիսկ ստեղծված պարագայում զբոսաշրջային բիզնեսը պետք է զարգանա:

Լին Թրեյսի - Այցելությունները կարող են շարունակվել, զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրեր այցելել: Ես ինքս մի քանի շաբաթ առաջ այստեղ էի: Դա է պատճառը, որ ես այսօր նորից այստեղ եմ: Իմ ներկայությամբ կրկին ուզում եմ շեշտել և կարևորել զբոսաշրջության դերը: Հայաստանն այս ոլորտում առաջարկելու շատ բան ունի, հատկապես՝ Սյունիքը:

Դեսպան Թրեյսին այս անգամ այցելեց Սիսիան, մասնակցեց քաղաքի պատմության թանգարանի խանութի բացմանը: Այն իրականություն է դարձել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շնորհիվ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում