Հարաբերությունները կամրապնդվեն ու կզարգանան. Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

ԼԼիլիթ Հարությունյան

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են. նման հայտարարությամբ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ գործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- ասել է Լի Քեցյանը:

Վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին:

«Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը»,- նշել է Մարիո Դրագին:

«Վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեռնարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում». շնորհավորական ուղերձում ընգծել է Լիտվայի վարչապետը: Ինգրիդ Սիմոնիտեն հիշեցրել է, որ այս տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը և վստահեցրել, որ վճռական են շարունակելու ամրապնդել կապերն ու բարեկամությունը: Սիմոնիտեն հույս է հայտնել, որ 2 երկրների հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Նիկոլ Փաշինյանի Լիտվա այցով:

«Ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղմանն այլընտրանք չկա: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ»,- ասել է Սիմոնիտեն:

Խաղաղություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդին. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ գործակցությունը բոլոր ուղղություններով: Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ, բազմակողմանի գործակցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետության շահերի հիման վրա»,- ասե; է Ռահմոնը:

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանի հետ գործակցությունն ամրապնդելու և հարաբերություններ խորացնելու մասին են հայտարարել բազմաթիվ երկրներ՝ ՌԴ-ից մինչև ԱՄՆ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում