Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի համար. Փաշինյան

ԱԱրման Գալոյան

Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար. Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա շեշտեց, որ ՌԴ-ն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապահովելու գործում կատարում է առանցքային դեր: «ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորումն ու ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

«Ինչպես և նախկինում, ՀՀ-ն շատ կարևոր ու առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, և պատրաստ ենք շարունակել աշխատանքը այս ուղղությամբ և կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին  և այլ անձանց վերադարձնելու իր ստանձնած պարտավորությունը:

«Վերահստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում արտահայտված պատրաստակամությունը։ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,–ասաց նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում