Ադրբեջանը սադրում է նաև տեղեկատվական դաշտում

ԱԱրսեն Մկրտչյան

Հայ-ադրբեջանական սահմանին, վերջին օրերի սադրանքներին զուգահեռ, ավելացել է նաև Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից տարածվող ապատեղեկատվությունը: Դրանցից մեկը ռազմական գերատեսչությունից էր, իբր հայկական կողմը Կութից կրակել է Քարվաճառի գյուղերի ուղղությամբ:

Հայրիկ Սուքիասյան, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ - Կութը գտնվում է մոտավորապես այս հատվածում, սա իրենց դիրքերն են, ընդ որում՝ բավականին բարձրադիր դիրքեր են, դրանից հետո նոր մենք, իսկ նրանց նշած բնակավայրերն այս հատվածում են գտնվում: Այսինքն՝ նույնիսկ հնարավոր չէր այդ ուղղությամբ կրակել:

Փորձագետն ուսումնասիրել է ոչ միայն այս ապատեղեկատվությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ փորձում է ցույց տալ, թե հայերն են սադրանք հրահրում: Մի նոր թեզ էլ Բաքուն հորինել է 44-օրյա պատերազմից հետո:

Հայրիկ Սուքիասյան - Շեշտում են նաև ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետության ցածր լինելը: Հնարավոր է՝ հետագայում ինչ-որ նպաստավոր հող են ստեղծում, որպեսզի պահանջ կարողանան ներկայացնել զորքերի դուրս գալու համար:

Ադրբեջանական ֆեյք-նյուզի նկատմամբ հայ հասարակությունն այս շրջանում անտարբեր է: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը դրա համար երկու պատճառ է տեսնում.

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության մասնագետ - Առաջինը՝ հայկական հասարակության համար կարևոր տեղեկատվություն չէ, որտեղ մարդ կարող է խաբվել: Այսինքն՝ այստեղ երկու կարծիք չկա: Երկրորդն էլ՝ կա տեղեկատվական հոգնածություն: Ընտրություններից հետո նվազել է տեղեկատվության սպառումն ու արտադրումը:

Ապատեղեկատվությունը հերքելու և միջադեպերի մասին առաջինը հայտնելու Հայաստանի պետական մարմինների աշխատանքում Մարտիրոսյանը, որոշ վերապահումներով, առաջընթաց է նկատում:

Սամվել Մարտիրոսյան - Միշտ ֆիքսվում է՝ ով է պարզաբանում տվողը, ով է առաջինը հայտնողը, դրա համար շատ կարևոր է առաջինը լինելը, որովհետև, այսպես, թե այնպես, երկրորդ կարծիքը երկրորդ պլան է անցնում:

Ադրբեջանական ֆեյք-նյուզի հիմնական թիրախը փորձագետները համարում են միջազգային հանրությանը և, հատկապես, 44-օրյա պատերազմից հետո դրա դեմ պայքարելու միասնական պետական համակարգ ձևավորելու անհրաժեշտություն տեսնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում