ԱԺ արտահերթին քննարկվող գլխավոր թեման՝ դիահերձարանի միջադեպը

ՇՇողիկ Գալստյան

Խորհրդարանի արտահերթ նիստը մեկնարկեց Աբովյանի դիահերձարանում արված և համացանցում տարածված տեսանյութի քննարկմամբ: Կառավարության ներկայացրած օրակարգում ներառված հարցերը, մի շարք պատգամավորների գնահատմամբ, հրատապ լուծում պահանջող չեն, իսկ զոհված զինծառայողների դիակները դիահերձարանի նկուղում պարկերով պահելու տեսանյութին պետք է հստակ գնահատական տրվի և լինեն պատասխանատվության ենթարկվողներ՝ հայտարարեցին խորհրդարանականները:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանաք ռեալ կյանք և քննարկենք, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարաներից դիահերձարան: 

Թեև Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրել, դիահերձարանի ղեկավարը ու երկու սանիտարն ազատվել են աշխատանքից, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առիթով հարուցվել է քրգործ, այդուհանդերձ, ընդդիմադիրները դժգոհեցին:

Սոֆիա Հովսեփյան, ԱԺ պատգամավոր - Իշխող խմբակցության կողմից որևէ դատապարտող կամ որևէ վերաբերմունք տեղի ունեցածի նկատմամբ չտեսանք: Ընդ որում՝ բոլորդ տեղյակ եք եղել, ձեզ այդ մասին տեղեկացրել եմ դեկտեմբերին և այդ թեմայով լուրջ քննարկում է եղել;

Առողջապահության ոլորտին վերաբերող օրինագծերի ներկայացման համար խորհրդարան եկած փոխնախարար Գևորգ Սիմոնյանին «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը կոչ արեց հրաժարական տալ նախարարի պաշտոնակատարի հետ միասին: «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ իրավիճակ է մյուս դիահերձարաններում: Փոխնախարարը վստահեցրեց՝ դեպքը մասնավոր է:

Թագուհին Թովմասյան, ԱԺ պատգամավոր - Հիմա ստացվում է, որ մենք մազապուրծ բերել ենք այդ դիակներն ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ սկսեն մտածել՝ այս երկրի համար չարժե մահանալ:

Թովմասյանի ելույթից հետո խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը բարձրախոսը չէր անջատել և դահլիճում լսվեց նրա հնչեցրած արտահայտությունը: Նազարյանի այս արտահայտությունն է՛լ ավելի թեժացրեց մթնոլորտը: Թագուհի Թովմասյանն ամբիոնից պահանջեց, որ Ազգային ժողովի փոխնախագահը ներողություն խնդրի:

Իսկ արդեն խորհրդարանի միջանցքում Լենա Նազարյանը հայտարարեց՝ մտադիր չէ ներողություն խնդրել պատգամավորից, ավելին՝ ասաց ներողություն խնդրողը պետք է լինի Թագուհի Թովմասյանը: 

Վերադառնալով Աբովյանի դեպքին՝ «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր դարձած, բայց խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ կատարվածն ապտակ էր հասարակությանը և պետությանը:

Աննա Գրիգորյան, ԱԺ պատգամավոր - Այնտեղ ոչ միայն մեր տղաներն էին, այլև ազգային արժանապատվությունն էր նետված, սա է ամենացավեցնողը:

Վահագն Ալեքսանյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Տիկին Գրիգորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջին կինը, խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից: Խոսում է մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք հենց այս դահլիճում տեղի է ունեցել սպարապետի սպանությունը:


«Իմ քայլից» դուրս եկած գործընկերների քննադատություններին արձագանքեց նաև իմքայլական Նազելի Բաղդասարյանը;

Օրվա երկրորդ կեսին արդեն խորհրդարան եկավ Առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը խնդրեց Անահիտ Ավանեսյանին հերթական անգամ ներկայացնել դեպքի մանրամասները: Պաշտոնյան նախ հորդորեց առանձին դեպքի համար ամբողջ համակարգը չպախարակել, ապա վստահեցրեց՝ զինծառայողների աճյունների պահման կանոնները խախտողները խստագույնս կպատժվեն:

Անահիտ Ավանեսյան, Առողջապահության նախարարի պաշտոնակատար - Բազմիցս նշել եմ, որ շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել Աբովյանի մասնաճյուղում, և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձինք խստագույնս պատժվեն:

Ինչ վերաբերում է քննարկված նախագծերին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձելու արգելքը վերացնող օրինագիծը: Մեկ այլ նախագծով սահմանվեց, թե օրվա որ ժամերին հնարավոր կլինի կազմակերպել հրավառություն, և որ տարիքի անձանց կթույլատրվի գնել հրատեխնիկական արտադրանք: Դրանց վաճառքը կարգելվի բնակելի շենքերի տարածքներում: Արտահերթը կշարունակվի վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում