Ապրիլին արտահանվող խնձորը՝ ինչպես ծառից նոր քաղած. նոր սառնարանային տնտեսություն Հայաստանում

ՀՀերմինե Բաղդասարյան

Դդմաշենում երեկվանից խնձոր են տեսակավորում: Քանի Լարսը բացվել է, շտապում են միրգը Ռուսաստան արտահանել: Գյուղմթերքը վաճառքի է գնում հատ-հատ ջոկած, արկղերում ըստ չափի դասարավորած:

Սառնարանը «Գրինկո» ընկերությանն է, բերքը՝ Երասխի սեփական ինտենսիվ այգիներինը: 8 ամիս առաջ են քաղել, բերել պահպանության, բայց ասես ծառից նոր կանաչ պոկած լինի՝ ոգևորված է ընկերության գլխավոր գյուղատնտեսը:

Գարիկ Ասատրյան, «Գրինկո» ընկերության փոխտնօրեն, գլխավոր գյուղատնտես - Գոլդեն խնձորը հավաքել ենք սեպտեմբերին ու տեղափոխել սառնարան: Նայեք, շատ նորմալ վիճակում է, շատ լավ որակի խնձորն է:

Առանց նույնիսկ դեղնելու՝ խնձորն այստեղ մնում է Հայաստանում առաջին ու դեռ միակ նորույթ-սառնարանի շնորհիվ: Արկղերը այստեղ են մտցրել աշնան սկզբին ու ամուր փակել: Միացված վիճակում դրա խցիկ մտնելն արգելված է, որովհետև ներսում շնչելու համար թթվածին գրեթե չկա:

Թթվածին չշնչող ու չգերհասունացող խնձորներին սառնարանում հետևում են ցուցափեղկ-պատուհանից: Սառնարանն անջատում-բացում են այն ժամանակ, երբ ապրանքը պետք է վաճառքի ուղարկել: Ամբողջությամբ ավտոմատ կառավարվող խելացի տեխնոլոգիան պետական աջակցության ծրագրով ընկերությունն Իտալիայից է բերել:

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան՝ սուբսիդավորվող վարկն է ապահովել, Կառավարությունը՝ սարքավորումները ներկրելիս զեղչել մաքսատուրքը, նաև ԱԱՀ-ն հետաձգել: Այդ ամենի շնորհիվ է, որ «Գրինկոն» հիմա Գեղարքունիքի իր ինտենսիվ այգիների կողքին բերքը մինչև իսկ 14 ամիս անվնաս պահող բացառիկ սառնարան ունի:

Ռոբերտ Կոծինյան, «Գրինկո» ընկերության տնօրեն - Բացառիկ է իր գազային միջավայրի կարգավորման հետ կապված, հնարավորություն է տալիս բավականին երկար խնձորը պահպանել:

Տեխոնոլոգիական նորամուծությունը թույլ է տալիս գյուղատնտեսական բիզնեսի համար մի կողմից նվազեցնել Վերին Լարսի փակվել-բացվելու հետ կապված մշտական ռիսկը, մյուսից՝ ավելացնել եկամուտները՝ բերքը երկարատև պահելու ու պտղի թանկ սեզոնին վաճառելու շնորհիվ: Արդյունքից գոհ են, այնպես որ ծրագրի երկրորդ փուլով այս տարի մինչև Դդմաշենի այգու խնձոր քաղելը սառնարանը պետք է եռապատիկ մեծացնեն:

Ռոբերտ Կոծինյան - Երևի հուլիսին կավարտենք ու կդառնա ընդհանուր կդառնա 3000 տոննա տարողությամբ սառնարան:

Ընդլայնումը նոր գումարներ կպահանջի, բայց փորձը ցույց է տալիս՝ ծախսն արդարացված է: Մինչև հիմա, սառնարանը ներառյալ, «Գրինկոն» ինտենսիվ այգեգործության ծրագրում մոտ 5 մլրդ դրամ է ներդրել: Վստահ են՝ հայկական հյութեղ Գոլդենը ռուս սպառողը կհավանի: Վաղն առավոտյան արդեն մեքենաները կբարձեն ու ճանապարհ կդնեն: Մինչև տեղ հասնելը խնձորը տեղը-տեղին կդեղնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում