ԱՄՆ և Իրանի ակնկալիքները միջուկային ծրագրի գործարքից

ՍՍոնա Աղբալյան

Վիեննայի հանդիպումը հաջողված էր՝ Ավստրիայի մայրաքաղաքում Իրանի միջուկային գործարքի ճակատագրին նվիրված երկարատև հանդիպումից հետո հայտարարեց բանակցությանը մասնակցած Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Իսկ գործարքի ճակատագիրը խարխլած երկու կողմը՝ Վաշինգտոնն ու Թեհրանը, հակասական կարծիքներ ունեն: ԱՄՆ-ը որոշել է փոխել նախկին նախագահ Թրամփի որդեգրած քաղաքական ուղին և վերադառնալ Իրանի հետ բանակցությունների սեղան ու չեղյալ է հայտարարում Իրանի դեմ պատժամիջոցները:

Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ) - «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու համար, այդ թվում` չեղյալ համարելով պատժամիջոցները, որոնք հակասում են դրան: Իհարկե, այս քննարկումներին մասնակցելով՝ մենք անհապաղ լուծումներ չենք անկնկալում: Մենք սա դիտարկում ենք որպես գործընթացի մեկնարկ, գիտակցելով, որ շատ երկար ճանապարհ ունենք առջևում: Մենք միշտ ենք ասել՝ բարդ է լինելու: Նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև չկա վստահություն»:

Հենց վստահության պակասի մասին է կառավարության նիստում խոսել Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձևաչափով,- ասել է նա:

Հասան Ռոհանի (Իրանի նախագահ) - «Ես միջազգային հարաբերությունների նոր էջ եմ բացել երեկ կայացած նիստով: Կարծում եմ, որ մենք կկարողանանք բանակցել կարճ ժամանակում, եթե պետք լինի՝ նաև գործարքի մյուս կողմերի հետ»:

Թեհրանը սպասում է, թե երբ Վաշինգտոնը կապացուցի, որ հնարավոր է վերակենդանացնել հարաբերություններն ու Իրանի միջուկային գործարքը, որ քննարկվեց մոտ մեկ տասնամյակ ավելի, և որից ԱՄՆ-ը դուրս եկավ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությամբ՝ 5+1 ձևաչափը դարձնելով 4+1: Իրանի քաղաքացիները կարծում են, որ ԱՄՆ-ը փորձում է իրենց ստիպել ընդունել իր պայմանները՝ առանց բոլոր պատժամիջոցներն անհապաղ վերացնելու, ինչը Թեհրանի պայմանն է: Փորձագետները կարծում են, որ զիջողը Վաշինգտոնն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում