Այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված ունենք 3250 զոհ. Նիկոլ Փաշինյան

ՄՄերի Եգորյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի Նոր Եդեսիա համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախյան պատերազմում հայկական կողմի տված զոհերի՝ այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թիվը:

Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված ունենք 3250 զոհ, այսինքն՝ «մահվան վկայականներով արձանագրված է»:

«Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Եվ, այո՛, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակներից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ: Նկատի ունեմ՝ մենք շատ մեծ թվով զոհեր ենք ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել»,- ասաց Փաշինյանը:

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց էլ ինչի՞ համար են զոհվել մեր տղաները, սա շատ կարևոր հարց է, որին պետք է պատասխանենք՝ զոհվել են, որ Արցախն այսօր լինի: Որովհետև երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, դա այն նախնական սցենարն է, որով պետք է Ղարաբաղի հարցը լուծվեր՝ Ղարաբաղում հայ չպետք  է մնար: Բայց այսօր Արցախը վիրավոր, բայց կանգուն է: Արցախը վիրավոր և կանգուն է, որովհետև դուք բոլորդ կրել եք այդ զրկանքները հանուն Արցախի»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում