Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատումը վիճարկում է Վարչական դատարանում

Փետրվարի 25-ին վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծ: 13 օր անց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարությամբ հանդես եկավ:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Օնիկ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատման գործընթացը հակասահմանադրական է որակել և նշել՝ դիմելու է վարչական դատարան։ Հայտարարության մեջ գեներալ-գնդապետը կրկին քաղաքական հայտարարություններ է արել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Օնիկ Գասպարյան, գեներալ-գնդապետ - Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։ Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակել ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման:

Գասպարյանի հորդորն ընդունում են որպես հանձնարարական՝ ավելի ուշ նման հայտարարություն տարածեց Զինված ուժերի ղեկավար կազմը: Այսօր ՍԴ հասավ նաև Հանրապետության նախագահի դիմումը: Նա դիմել է պարզելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Արմեն Սարգսյանը հուսով է, որ Սահմանադրական դատարանի որոշման հնարավորինս արագ կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ճգնաժամի հանգուցալուծմանը:

Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:


Արդյո՞ք նախագահն իրավունք ունի գործող օրենքի վերաբերյալ դիմել ՍԴ. «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը հարցը բարձրացրել է՝ պնդելով ՍԴ-ն նախ այդ մասով պետք է որոշում կայացնի: Պատգամավորը ֆեյսբուքյան գրառման մեջ 2 հստակ արձանագրում է արել. առաջին՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման հարցն անբեկանելի է և իրավական որևէ գործընթաց այդ իրողությունը չի կարող փոխել:

Վահագն Հովակիմյանի երկրորդ արձանագրմամբ՝ անհեթեթ որակեց բոլոր պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի որևէ նորմ չի կարող կիրառվել: Նման մոտեցումը պատգամավորը ոչ միայն հակաիրավական, այլև հակապետական է համարել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում