«Իմ քայլը» չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ԲԴԽ առաջադրած թեկնածուներին

ՇՇողիկ Գալստյան

Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրվել, «Իմ քայլը» չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն: Եռօրյա թեժ քննարկումներից հետո այսօր քվեարկության արդյունքներն է ներկայացրել հաշվիչ հանձնաժողովը: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորից 36-ը, 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին չընտրեց: Մինչև քվեարկությունը խմբակցության անունից ելույթում Լիլիթ Մակունցը հիմնավորեց, թե ինչո՛ւ են նման որոշում կայացրել: Ասաց՝ խնդիրը կապված չէ թեկնածուների հետ, նրանց նկատմամբ խոր ակնածանք ունեն: Իրենց որոշման պատճառը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն է:

Լիլիթ Մակունց (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Հաշվի առնելով Վարդազարյանի գործունեության վերաբերյալ խմբակցության գնահատականը և Վարդազարյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքը լեգիտիմ խորհրդարանի նկատմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու: Սա ոչ թե դիրքորոշում է թեկնածուների նկատմամբ, այլ Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:

Երրորդ օրն է՝ խորհրդարանում բուռն քննարկվում է ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, որը, պատգամավորների գնահատմամբ՝ քաղաքական էր և պայմանավորված էր այդ օրերին դատարաններում քննվող կալանքի որոշումներով: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խափանման միջոցի քննության օրը ԲԴԽ նախագահը դիմել էր դատավորներին, մեջբերում եմ՝ «եկել է պահը տալու ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Թեև Վարդազարյանը պնդում էր, որ ինքը այդ ուղերձով զսպման կոչ է արել, ամբիոնից Լիլիթ Մակունցը շեշտեց՝ ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին իրենց մտահոգությունները, որ այդ հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր:

ԲԴԽ-ի առաջադրած թեկնածուներին ներկայացնելուց հետո այսօր Վարդազարյանը խորհրդարան չէր եկել: Պատգամավորների հետ հարցուպատասխանն էլ անցել էր թեժ մթնոլորտում: Սուր էր հատկապես Արման Բաբաջանյանի հետ բանավեճը: Այսօր պատգամավորը խորհրդարանում հայտարարեց՝ Վարդազարյանին ուղղված հարցերից հետո իր հետ են կապվել, իր ձևակերպմամբ՝ «գողական անձինք» և սպառնացել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ դատավորներին չընտրելու իրենց որոշումը ամրապնդվել է նաև այս միջադեպով: Թեկնածուներից Արսեն Մկրտչյանը խորհրդարանի միջանցքում ափսոսանք հայտնեց, որ իշխող ուժը ընտրությունը կատարեց քաղաքական որոշման արդյունքում:

Թեկնածուները թեև գիտեին, որ չեն ընտրվելու, բայց մնացին խորհրդարանում, մինչև ամփոփվեն արդյունքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում