Վազգեն Մանուկյանը վաղը հրավիրվել է Քննչական կոմիտե

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք էր նախատեսել: Ժամն ընտրել էին այնպես, որ վարչապետն Ազգային ժողովում լինի՝ հարց ու պատասխանի: Սակայն օրակարգի հիմնական թեման ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրն էր ու նախագահից ակնկալվող որոշումը:

Հանրահավաքը մի քանի անգամ ընդմիջվեց, սպասում էին նախագահին: Արդեն ուշ երեկոյան Վազգեն Մանուկյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց՝ այն, ինչ ուզում էին, չստացան կամ ստացան կիսատ-պռատ:

Դեռ պատերազմի ընթացքում բանակին ընդվզման կոչով դիմած ընդդիմության առաջնորդն այսօր արդեն ոչ միայն բանակի անունից քաղաքական հայտարարություն արեց, այլև խոսեց ոստիկանության գործողություններից՝ պնդելով, որ հերթը նրանց է հասել:

Մանուկյանն իր ամփոփիչ ելույթում նշեց՝ Բաղրամյանից չեն հեռանա, բայց վաղվանից մտադիր են մարզերով շրջել, քաղաքացիների հետ հանդիպել: Հանրահավաքի ավարտից հետո արդեն Քննչական կոմիտեն հայտարարեց՝ վաղը 11:00-ին Վազգեն Մանուկյանը հրավիրվել է կոմիտե:

Օրվա ընթացքում հնչեցրած հայտարարությունների հիման վրա «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում