Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Խաղաղության համաձայնությունը` բանակցության սկիզբ. Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար

ՀՀովհաննես Վարդանյան

«Լուրերը» շարունակում է Եվրախորհրդարանի տաղավարից ներկայացնել հարցազրույցներ Միության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Լիլիթ Գասպարյանն այս անգամ զրուցել է Հարավային կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ:

- Թվում է, թե պատերազմն ավարտվել է, նույնիսկ խոսվում է հաղորդակցման շրջափակումները վերացնելու մասին, բայց կան մարդասիրական շատ հարցեր, որոնք շարունակում են օդում կախված մնալ, և պարզ չէ, թե ինչպես են լուծվելու: Դրանցից ամենաօրհասականը, նույնիսկ ամենաճակատագրականը, ռազմագերիների ճակատագիրն է: Ադրբեջանը խախտելով եռակողմ հայտարարությունը և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները՝ ռազմագերիներին չի վերադարձնում: Որքանո՞վ է ԵՄ-ն և հատկապես ԵԽ-ն հետևողական այս հարցում: 

- Նախ ցանկանում եմ հայ ժողովրդին մաղթել երջանկություն, խաղաղություն և առողջություն 2021 թվականին: Եվրախորհրդարանը և Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարությունը շատ խիստ հայտարարեց, որ պատերազմը հարցի լուծում չէ: Լավ է, որ այս պահին գործում է խաղաղության համաձայնությունը, բայց դրանով հարցը չի ավարտվում: Դա բանակցությունների սկիզբն է: Մենք հորդորում ենք կողմերին՝ հայերին ու ադրբեջանցիներին, նստել սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, սկսել լուրջ քննարկումներ՝ մարդասիրական իրավիճակի, գերիների փոխանակման և այլ հարցերի վերաբերյալ:

Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ իրադրությունն անհանգստացնող է: Անցյալ տարի իմ վերջին հանդիպումը «Կանայք՝ կանանց համար» կազմակերպության հետ էր: Ես զրուցեցի երկու կողմերի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կանանց հետ, նրանք բոլորը ցանկանում էին, որ լսելի լինի կանանց ձայնը, քաղաքացիական հասարակության ձայնը: Հնարավոր չէ խաղաղություն հաստատել, եթե չես լսում հասարակ մարդկանց ձայնը, նրանց անհանգստացնող հարցերը: Քաղաքական գործիչները կարող են համաձայնության գալ, բայց դա չի գործի, եթե չխոսեն հասարակ մարդկանց հետ, չստանան կուսակցությունների աջակցությունը:

- Այո, ինչպես նշեցիք հետպատերազմյան խնդիրների շարքում է նաև կանանց դերը: ինչպե՞ս եք դուք տեսնում այս հարցը: Որևէ համագործակցություն ԵՄ համապատասխան կառույցների հետ կամ օժանդկություն նախատեսվո՞ւմ է՝ տեսանելի արդյունքների հասնելու համար:

Եվրախորհրդարանում մենք քննարկել ենք այդ հարցը: Անցյալ տարի ընդլայնված նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ բարձրացրին նույն հարցը՝ Եվրամիությունը պետք է ակտիվ լինի և աջակցի այդ խնդրի լուծմանը: Մինչդեռ Եվրամիությունը դա չարեց, բաց թողեց հնարավորությունը: ԵՄ-ն այնքան գործունյա չեղավ և, դժբախտաբար, Մինսկի խումբը ձախողվեց: Իհարկե, լավ է, որ Ռուսաստանը համաձայնության հասավ, բայց, ինչպես արդեն ասացի, սա սկիզբն է: ԵՄ-ն շարունակում է պատասխանատու լինել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության, վերակառուցման գործընթացներին աջակցելու հարցում: Պետք է լսել այդ տարածաշրջանում ապրող մարդկանց, հասկանալ, թե նրանք ինչի կարիք ունեն:

- ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, համապարփակ և ընդլայնված համագործակցությունը ԵՄ օրակարգում են, և մեծ ուշադրություն է դարձվում այդ հարաբերությունների տնտեսական ոլորտին: Արդյո՞ք այս մոտեցումը համահունչ է եվրոպական արժեքների հետ: Հաշվի առնելով նաև առաջին հարցս, որ դեռ մարդասիրական լուրջ խնդիրներ կան չլուծված, բայց կարծես թե Եվրոպան ուշադրություն չի դարձնում և առաջ է գնում և Ադրբեջանի հետ տնտեսական հավակնությունների մասին է բարձրաձայնում։ 

- Ես մասնակցել եմ Ադրբեջան-ԵՄ համագործակցության վերաբերյալ մի քանի քննարկման և տեսեք՝ կան կողմեր, որոնք ցանկանում են, որպեսզի տնտեսությունը լինի առաջնային, ինչու չէ, նաև հիմնականը: Բայց մեր համագործակցությունը շատ ծավալուն է: Այն ներառում է ժողովրդավարություն, բարեփոխումներ, քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, այսինքն՝ ԵՄ-ի բոլոր հիմնական սկզբունքներն ու արժեքները, գումարած տնտեսական համագործակցությունը: Դրանք պետք է զուգահեռ շարժվեն: Չի կարող լինել տնտեսական կապերի բարելավում, եթե դա չկա քաղաքական հարաբերություններում: ժողովրդավարությունն ու առևտուրը, ժողովրդավարությունն ու տնտեսությունը պետք է համահունչ շարժվեն:

- Դուք, որպես Էստոնիայի նախկին ԱԳ նախարար և ԵԽ Հարավային կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ինչպե՞ս եք պատկերացնում Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան: Արդյո՞ք կառույցը ծառայում է իր ստեղծման հիմնական նպատակին: Ենթադրելի է, որ Արևելյան գործընկերությունը պետք է և կարող է դեր խաղալ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում:

- Այո, ես Էստոնիայից եմ, այդ հանրապետության նախկին արտգործնախարարը: Անձամբ ինձ համար Արևելյան գործընկերությունը շատ հոգեհարազատ է: Ես բազմիցս եղել եմ Արևելյան գործընկերության անդամ պետություններում և բոլորից, այդ թվում՝ Երևանից, հիանալի հիշողություններ ու տպավորություններ ունեմ: Այնտեղ եղել եմ ուսանող ժամանակ: Ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողություն է ունեցել: Պետք է անկեղծ լինել և խոստովանել, որ Արևելյան գործընկերությունը կարող է առաջ գնալ, եթե դրա անդամները ցանկանան:

Եվրոպական կողմը, Եվրոպական խորհրդարանը ձեր կողքին է, եթե շարունակեք հավատարիմ լինել ժողովրդավարական բարեփոխումներին: Ես բավական բարելավում եմ տեսնում համագործակցության տարբեր ոլորտներում՝ քաղաքական, հասարակական, ուսանողների փոխանակման, տնտեսական: ԵՄ-ն աջակցեց համագործակցության երկրներին կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամի ժամանակ: Իսկ դա ցույց է տալիս, որ մենք վստահելի գործընկեր ենք: Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ապագայի համար պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր անդամի շահերը, հավակնությունները և դրանց տրվեն պատասխաններ:

- Թույլ տվեք ևս մեկ անգամ վերադառնալ առաջին հարցիս։ Արդյո՞ք Եվրախորհրդարանի առաջիկա քննարկումների ժամանակ հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ բանաձև կամ կոչ Ադրբեջանին ակնկալվում է։ Թե՞ Եվրամիությունը բավարարվում է հայտարարությունով, որը ստորագրվել է և անցնում է առաջ։ 

- Չեմ կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Եվրախորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ այն ուշադրությունից դուրս է և չի քննարկվում: Ես մշտական կապի մեջ եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Անցյալ անգամ նրանց հետ դեկտեմբերին եմ խոսել և բարձրացրել հարցը: Շուտով նորից կհանդիպենք: Հուսով եմ՝ կորոնավիրուսի ճգնաժամից հետո կկարողանանք վերադառնալ նորմալ աշխատանքային վիճակին և, անշուշտ, կբարձրացնենք խնդիրը, այն կներառեն օրակարգում: Հուսով եմ՝ բանակցությունները կմտնեն հաջորդ փուլ՝ թղթից կանցնեն գործողության, համագործակցության, կգտնեն Լեռնային Ղարաբաղի խաղաղության լուծում:

- Եվ վերջում, բայց ոչ պակաս կարևոր, երկարաժամկետ կտրվածքով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցելելու ծրագրեր ունե՞ք։ 

- Իհարկե, այցելելու եմ Հարավային Կովկասի տարածաշրջան: Ես կարևոր եմ համարում հանդիպումները հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ: Դրանք եղել են Բրյուսելում, կլինեն նաև Երևանում և Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում: Բայց այսօր մենք համաճարակի ճիրաններում ենք և ստիպված ենք առայժմ անցկացնել հեռահար հանդիպումներ: Դարձյալ կլինեն քննարկումներ, համագործակցությունը կշարունակվի:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում