Նրանք խայտառակում են գյումրեցու անունը. Վազգեն Մանուկյանը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին

ՎՎարդուհի Բալյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Վանաձորում էր: Մինչև իր քաղաքական օրակարգը վանաձորցիներին ներկայացնելը, լրագրողների հետ զրույցում Մանուկյանն ասել է, որ երեկվա արտահայտությունների համար չի զղջում, պնդել է, թե այդ մարդիկ արժանի էին:

Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու - Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը, կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը դահլիճներ է լցնում: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել: Մեր բակում անօթևան շիշ հավաքող կա, ինձ ասաց՝ պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք մեզ վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ համեմատելով:

Ազատան համայնքի տարածքում երեկ մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ փորձելով արգելել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Գյումրի, որից հետո Մանուկյանը ցույցի մասնակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:

Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ - Պետք է երկրում հաստատի հասարարական համերաշխություն, վերջ դնի թշնամանքին, ատելությանը, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի պաշտպանությանը, երկիրն անտեր է:

«Հայրենիքի փրկության շարժման համակարգող» Իշխան Սաղաթելյանը վանաձորցիներին էր ներկայացնում իրենց քաղաքական թիմի տեսլականը՝ հավաստիացնելով՝ դեմ են հասարակության պառակտմանը: Պահանաջում են, որ կառավարությունը հրաժարական տա, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:

Իշխան Սաղաթելյան - Կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն՝ իրենց գործին գիտակ, կազմակերպված մարդկանց համախմբում:

Ըստ Իշխան Սաղաթելյանի, կառավարությունը շատ արագ պետք է հարաբերությունները կարգավորի ռազմավարական դաշնակիցների հետ, քայլեր ձեռնարկի նաև սահմանների պաշտպանության ու անվտանգության համար: Վազգեն Մանուկյանի համոզմամբ էլ՝ գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմից առաջ ու դրանից հետո:

Վազգեն Մանուկյանը պատասխանել է նաև վանաձորցիների հարցերին, որից հետո շարժման անդամները եղել են առաջնորդարանում՝ հանդիպելով Գուգարաց թեմի նորանշանակ սրբազան Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում