Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման գործում միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցը: Այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց Սերգեյ Լավրովը:
Նա իր խոսքում անդրադարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը, նշեց, որ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում կա կազմակերպության գրասենյակ:
«Նրանց ներկայությունն ավելանալու է, ինչպես մեզ ասել էր ԿԽՄԿ նախագահ պարոն Մաուերը՝ Մոսկվա վերջերս կատարած այցի ընթացքում: Հետաքրքրություն են հայտնել ՄԱԿ-ի համակարգի այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես հետաքրքրված է մշակութային ժառանգության պահպանմամբ, ինչը համընկնում է Հայաստանի շահերին, և Ռուսաստանն ամբողջությամբ սատարում է այդ նախաձեռնությանը: Մենք նաև հետաքրքրված ենք, որպեսզի տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների վերականգնումը, ապաշրջափակումը նպաստեն հայերի և ադրբեջանցիների միջև բարիդրացիական հարաբերությունների կարգավորմանը ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ միջպետական մակարդակում: Դա կնպաստեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը՝ ի նպաստ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների և այստեղ գտնվող բոլոր երկրների: Համոզված ենք, որ տարբեր կրոնների և ազգության ներկայացուցիչները պետք է ապրեն խաղաղությամբ, որտեղ էլ նրանք լինեն: Հարավային Կովկասն արժանի է նման մոտեցման, ինչին էլ մենք ամեն կսատարենք:













