Ամերիկյան լրատվամիջոցներն ԱՄՆ 46-րդ նախագահ են «նշանակել» դեմոկրատ Բայդենին. Թրամփը համաձայն չէ

ՄՄերի Ներսիսյան

Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները հայտարարեցին Միացյալ նահանգների 46-րդ նախագահի անունը՝ Ջո Բայդեն: Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը հնարավորություն է տվել նրան ապահովել 270 ընտրիչի ձայն, որ անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար: Բայդենն իր ընտրվելու լուրը հայտնել է Թվիթերում․ «Ամերիկա, ինձ համար պատիվ է»:

«Մեզ դժվարին աշխատանք է սպասվում, սակայն, խոստանում եմ՝ ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահն՝ անկախ այն բանից՝ իմ օգտի՞ն եք քվեարկել, թե՞ ոչ: Ես կարդարացնեմ այն հավատը, որով դուք ինձ ընտրել եք»,- գրել է Բայդենը:

«Մենք արեցինք դա՝ դու կլինես ԱՄՆ հաջորդ նախագահը»,- Բայդենին առաջինը շնորհավորել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը: Նա, ի դեպ, կդառա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:

Բայդենին շնորհավորել շտապել են նաև նրա համակիրները՝ մեքենաների ազդանշաններով, շամպայնով, գրկախառնություններով, պարերով ու արցունքներով: Նյու Յորքի փողոցներում էլ կանայք իրենց ուրախությունն արտահայտել են կաթսաներին հարվածելով ու բարձր բղավելով: 

Մինչև Ջո Բայդենն ու նրա կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը, ԱՄՆ գործող նախագահը գոլֆ է խաղում, բայց չի դադարում հետևել լրահոսին ու հակադարձել հակառակորդին: Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունը՝ հայտարարելով՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ «Ջո Բայդենը պաշտոնապես չի հաստատվել որպես հաղթող որևէ նահանգում»,- ասվում է Թրամփի թվիթերյան էջում արված գրառման մեջ։ Թրամփի փաստաբանն էլ տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից իր շտաբը կսկսի վիճարկել քվեարկության արդյունքները:

Ռուդոլֆ Ջուլիանի (Դոնալդ Թրամփի փաստաբան)- Իրավիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ հատկապես Փենսիլվանիայում և ևս մի քանի նահանգում: Երկուշաբթի օրվանից մենք կսկսենք պաշտոնապես վիճարկել քվեարկության արդյունքները:

Բայդենի համակիրների ուրախության հավաքներին ու տոնախմբություններին զուգահեռ փողոց են դուրս եկել Թրամփի կողմնակիցները՝ դժգոհելով ու բոյկոտելով ընտրության արդյունքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում