Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ. հանրությանն ուղղված այսօրվա իր ուղերձն այսպես սկսեց վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:

«Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։

Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:

Բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան»,- նշեց Փաշինյանը։

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները՝ նշեց գերագույն գլխավոր հրամանատարը:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին»,- նշեց վարչապետը:

Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: Ռազմական դրության, առավելեւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և, որ կարևոր է նաև, հանրային արգահատանքի:

Որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում