Մենք աղմկում ենք, որ աշխարհը չլռի. արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան առաջ

ՀՀովհաննես Վարդանյան

Արցախցի կանայք շարունակում են պայքարել հանուն արդարության: Բողոքի ակցիան սկսում են երգով՝ Արցախի օրհներգն է: Օրվա կոչերն այս անգամ ուղղված են Ամերիկային, հասցեատերը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն է. «Մենք խաղաղություն ենք ուզում, մեզ չեք կարող դուք խաղաղություն սովորեցնել: Մենք կարող ենք աշխարհին սովորեցնել ինչ է խաղաղությունը»:

Մետաքսե Ղամբարյան (ակցիայի մասնակից) - Վանկարկում ենք stop terorizm, որովհետև ահաբեկչություն է տեղի ունենում, stop Erdoxan, Թուրքիան էս պահին անմիջական առնչություն ունի պատերազմի հետ, այսինքն՝ մենք միջազգային հանրությունից պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի: 

Ինչո՞ւ է միջազգային հանրությունն անտարբեր Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս կանանց հարազատներն առաջնագծում են: Ամեն վայրկյան սպասում են լուրի՝ հավատով, որ հաղթելու ենք: Բայց աշխարհի լռությունը չեն կարող անտեսել:

Լիանա Ադամյան (ակցիայի մասնակից) - Այստեղ յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը՝ չսպիացող վերքը՝ սերունդներով, ապականված դին հուղարկավորելու պատմությամբ, անհայտ կորած զինվորի պատմությամբ: Մենք չենք լռելու, այլևս անհնար է հանդուրժել, որ մեր բնակավայրերը հրետակոծում են միջազգայնորեն արգելված զենքից և աշխարհը մնում է լուռ, Ամերիկան մնում է լուռ: 

Նրանք չեն լռելու: Պատրաստվում են ամեն օր միջազգայիին կառույցների դռները ծեծել ու իրենց ձայնը դարձնել լսելի՝ որքան հնարավոր է ու որքան պետք է՝ բարձր.... հույսով, որ շուտով աշխարհի լռությունը կխախտվի:

Սյուզաննա Բաղդասարյան (ակցիայի մասնակից) - Միջազգային հանրությունը պետք է արձագանքի, սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ, հանի այս խաղից, այո՛, սա խաղ է, հանի այս խաղից Թուրքիային և ասի՝ պայքարեք Ադրբեջանի դեմ, որովհետև Թուրքիան իրավունք չունի պայքարելու մեր դեմ, ինչ իրավունքով, ինչ հողի համար: 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ընդունեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին, լսեցին կանանց ու խոստացան՝ նամակը փոխանցել դեսպանին, նաև առաջիկայում կազմակերպել հանդիպում նրա հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում