Ունենք սեպտեմբերյան պատերազմի հերոսներ, որոնց արյան գույնով գծված են Արցախի սահմանները. Արթուր Թովմասյան

ՄՄարի Կոստանյան

Հաղթելու ենք: Պատերազմը վերահսկվում է Արցախի Գլխավոր գերագույն հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:  

Նա հայտարարեց, որ Արցախի խորհրդարանում չկան հին կամ նոր կուսակցություններ, կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը:

Ա.Թովմասյանի խոսքով՝ ամբողջ առաջնագծի երկայնքով աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, սակայն հայկական բանակը կարողացել է կասեցնել թշնամու գրոհը և վիճակի է պատերազմը տեղափոխել թշնամու տարածք, ինչպես եղավ ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմի, ապրիլյան քառօրյայի, տավուշյան մարտերի ժամանակ: 

«էրդողանը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն անգործության են մատնված, և սա պետք է ահազանգ լինի ԵԱՀԿ ՄԽ-ի համար: Նա ասում է, որ այդ հարցը կարող է լուծել, այսինքն՝ ըստ Թուրքիայի նախագահի, համանախագահները 30 տարի չեն կարողացել լուծել այն»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը:

Համանախագահող երկրների հայտարարությունները, Ա.Թովմասյանի խոսքով, հավասարակշված էին, Թուրքիան լիիրավ աջակցում է Ադրբեջանին, իսկ Իրանը չեզոք դիրք է գրավել և ամեն ինչ անելու է, որ հրադադարը կայանա: 

«Ադրբեջանը երբեք Արցախի հետ չի բանակցել, մեզ հետ միշտ հրանոթի լեզվով են խոսել, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանալու: Սա ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ալիևի՝ իշխանությունը պահելու: Մենք պատրաստ ենք բանակցել, եթե Ադրբեջանի ժողովուրդն օրինական իշխանություն ընտրի, քանի որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Արցախի և Ադրբեջանի միջև է»,- ընդգծեց ԱԺ նախագահը: 

Նա վստահեցրեց, որ Արցախում պարենային անվտանգությունն ապահովված է և՛ ժողովրդի, և՛ բանակի համար:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ Ա.Թովմասյանը նշեց, որ եթե պատերազմը շարունակվի, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը:

«Մենք հաղթելու ենք Հայաստանի և Սփյուռքի հետ: Այսօրվա արցախի սահմանները գծված են զոհված ազատամարտիկների արյան գույնով, որն ավելի մգացավ, քանի որ ունենք նոր զոհվածներ, սեպտեմբերյան պատերազմի հերոսներ: Փառք նրանց, որոնց արյան գույնով են նաև ներկված Արցախի սահմանները»,- եզրափակեց Ա.Թովմասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում