Կառավարությունը կաջակցի նաև ՏՏ ոլորտի ընկերություններին. հաստատվեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը

ՌՌոզա Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը:

Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով առաջացած իրավիճակը բացասական է ազդել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա:

«Նախարարությունը իրականացրել է ոլորտի ներկա իրավիճակի ուսումնասիրություն, հարցում է արվել 185 ընկերության շրջանակում, որի արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություններից 54%-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների՝ միջինը 45%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,- նշեց նախարարը:

Արշակյանը հավելեց, որ հաշվի առնելով Կառավարության որդեգրած այն քաղաքականությունը, որ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը կարելի է օգտագործել որպես նոր հնարավորություններ՝ հարցված ընկերությունների 74%-ը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերամասնագիտանալ:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախարարությունը մշակել է ոլորտի տնտեսավարողների համար դրամաշնորհային փաթեթներ, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը և խթանել ոլորտում նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրագործմանը»,- նշեց Արշակյանը:

Դրամաշնորհները տնտեսավարողներին տրամադրվելու են սահմանաչափերով և շահառուների շրջանակներով՝

  • նորարարական դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 10 միլիոն դրամ.
  • կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 20 միլիոն դրամ.
  • համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ տրամադրվում է համաֆինանսավորում ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում