2019-ին մաքսային իրավախախտման 202 դեպք է արձանագրվել. ՊԵԿ

ԼԼիլիթ Գասպարյան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Դրանցից 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ:

Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը):

2019 թ. ընթացքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3 կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝  մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: 

Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:

2019 թվականին վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20  փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար չհայտարարագրված կանխիկ գումար:

2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ է կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում