ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցում են հնարավոր հրադադարի շուրջ, որը կարող է հաստատվել մինչև Սուրբ Ծնունդ, հայտնել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Նրա խոսքով՝ առաջիկա տոներին ամբողջ աշխարհն ամենից շատ սպասում է խաղաղության։ «Բայց նախ և առաջ ես կցանկանայի ավելի շատ պայմանավորվածություններ ունենալ հրադադարի մասին։ Մենք կարող էինք շատ արագ դա անել Ուկրաինայի և Ռուսաստանի ցանկության դեպքում։ Արդեն բանակցում ենք»,- նշել է ԱՄՆ առաջին տիկինը։
Թե կոնկրետ ինչ հրադադարի մասին է խոսքը, նա չի հստակեցրել։ Հոկտեմբերի վերջին նրա միջնորդությամբ Խերսոնի մարզի ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում ժամանակավոր հրադադար հայտարարվեց։ Արդյունքում հաջողվեց մարդասիրական աջակցություն հասցնել տեղի բնակիչներին և տարհանում իրականացնել։
Օրերս Վլադիմիր Պուտինն առաջարկել է մարդասիրական առաքելություն իրականացնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում, որը, ըստ Մոսկվայի, անցել է ռուսական վերահսկողության տակ։ Կիևը հերքում է այս պնդումը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։












