ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողներն այսօր դարձյալ հարց ուղղեցին երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին։
ԱԺ նախագահի խոսքով՝ եթե երեկ ընդդիմադիրները չսկսեին, ամեն ինչ շատ լավ կլիներ, սակայն տեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրա։
«Եթե սկսեն, կլինի՝ ոնց եղավ երեկ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Սահմանադրության փոփոխությունների հետ, ապա լրագրողների հարցին՝ արդյոք դրա վերաբերյալ քննարկումը պետք է լինի Ադրբեջանի հետ, նա պատասխանեց՝ քննարկումը պետք է լինի ընդհանուր։
«Այսինքն՝ ընդդիմությունը բարձրացրել է հարցեր, մենք համարում ենք, որ նախ՝ լեգիտիմ հարցեր են, նաև համարում ենք, որ տրամաբանական կլինի փորձել ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև ի վերջո այդ հարցերի պատասխաններից են նաև կախված հետագա զարգացման սցենարները»,– նշեց ԱԺ նախագահը։
Ճշտող հարցին՝ որտեղի՞ց ստանալ պատասխանները, Ռուբինյանն ասաց՝ բոլոր տեղերից։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրավիճակը նոր Սահմանադրության մասով փակուղային է իշխանության համար, իսկ նա ասաց՝ եթե փակուղային լիներ, ո՞նց էինք ունենալու այս խոսակցությունը։
«Եթե հենց այս խոսակցությունը մենք ունենում ենք, ուրեմն փակուղային չէ։ Փակուղին այն է, որ էլ ոչ մի սցենար չի քննարկվում»,– նկատեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե ինչ առաջարկ էլ ներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ընդունելի չի լինի իրենց համար, նա ասաց. «Նարեկ Կարապետյանը, կարծում եմ, բանական անձնավորություն է, և ինքը չի կարող ի բնե մերժել որևէ առաջարկ, որն ինքը չի լսել։ Համենայն դեպս, շատ տարօրինակ կլինի, եթե այդպես լինի։
Ուզում եմ հիշեցնել, որ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերները տարբեր պնդումներ են արել։ Իրենք ասել են, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Հետո պարզվեց, որ նա Հայաստանի հաջորդ վարչապետը չէ»,– ասաց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով, որ նրանք ասել են նաև, որ եթե ՔՊ-ն հաղթի, 300 հազար ադրբեջանցի կգա Հայաստան։
«Դուք ինձ հարցնում եք տարբեր սցենարների մասին։ Սա նշանակում է, որ տարբեր սցենարներ հնարավոր են։ Դուք մատնանշեցիք ընդդիմության բարձրացրած հարցերի վերաբերյալ։ Եթե իրենք բարձրացնում են այդ հարցերը, նշանակում է՝ իրենք էլ են հետաքրքրված։ Հո անիմաստ չեն բարձրացնում այդ հարցերը։ Ես կարծում եմ՝ մենք հանգել ենք մի կետի, երբ ընդդիմությունը փոխկապակցել է Սահմանադրության հարցը Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, համենայն դեպս, իր հարցով փոխկապակցել է չորեքշաբթի՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, և այդ փոխկապակցման կոնտեքստում հարցեր է բարձրացրել տեսականորեն դրանից հետո իրավիճակների վերաբերյալ»,- ասաց Աժ նախագահը։
Նրա խոսքով՝ սրանք հետաքրքիր հարցեր, են և տեսականորեն կարող է այս հարցերի պատասխաններից բխել որոշակի հանգուցալուծում։
«Կարող է բխել, կարող է չբխել»,- ավելացրեց նա։
Ըստ Ռուբինյանի՝ լեգիտիմ չէ որևէ առաջարկ չլսած այն մերժելը։
«Դա ուղղակի տրամաբանական չէ, պետք է մի բան տեսնես, նոր մերժես»,- նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե քիչ առաջ Նարեկ Կարապետյանն ասել է, թե ընդդիմությունը դեմ է քվեարկելու «ալիևյան Սահմանադրությանը», և այն, ինչ իշխանությունն է առաջարկում, այսինքն՝ նոր Սահմանադրությունը, Ալիևի Սահմանադրությունն է, Ռուբինյանն ասաց՝ տրամաբանական է, որ դեմ է քվեարկելու «ալիևյան Սահմանադրությանը»։
«Ուղղակի փոքրիկ նյուանս կա՝ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան Սահմանադրություն»։ Հայաստանում առաջարկ կա և այն կհրապարակվի տեքստի ձևով, ընդունել նոր Սահմանադրություն, որը կլինի հայկական Սահմանադրություն՝ քվեարկված Հայաստանի ժողովրդի կողմից։
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը չի կարող քվեարկել մի Սահմանադրության, որն իրենը չէ, որովհետև հենց ինքը քվեարկեց, ասաց՝ «այո», այդ Սահմանադրությունն իրենն է։
«Եվ ես չեմ հասկանում տրամաբանությունը՝ չթողնելու, որպեսզի ժողովուրդը որոշի։ Նախ՝ սկսենք նրանից, որ իրենք տեքստը չեն տեսել։ Չես կարող տեքստը չտեսնել և ասել՝ դա վատ տեքստ է, տեքստը պետք է տեսնես։ Կարող է այդ տեքստում գրված է մի բան, որը ֆունդամենտալ փոխում է իրենց պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ դրական իմաստով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ընդգծեց՝ դա հնարավոր չէ հանել Սահմանադրությունից այն պարզ պատճառով, քանի որ նոր Սահմանադրություն է գրվում զրոյից։
«Շատ լավ, իրենք դեմ են, բայց ինչն է խանգարում՝ տալ ժողովրդին հնարավորություն՝ որոշելու։ Եթե իրենք տեսնեն տեքստը և համարեն, որ այն վատն է, ի՞նչն է խանգարում իրենց բավարար ձայն տալ Ազգային ժողովի տեքստին տեխնիկապես, որպեսզի ժողովուրդը որոշի»,- ասաց Աժ նախագահը։












