Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել

Համայնքներում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Դրա վկայությունն են հանրապետության տարբեր բնակավայրերում արդեն գործող 12 հենակետերը։ Հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում դրանց ավելացավ ևս մեկը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման բաժնի ծրագրի համակարգող Լուսինե Առաքելյանի խոսքով՝ ինչպես մնացած 12 համայնքներում, Ապարանի կամավոր հրշեջ-փրկարարական խումբը ևս գործարկվելու է այն մեխանիզմով, որ ահազանգի պարագայում իրենք ստանալու են կանչը և փրկարար ծառայության հետ զուգահեռ արձագանքելու են։

Նորաբաց հրշեջ-կամավորական հենակետը սպասարկելու է Արագած գյուղն ու հարակից բնակավայրերը։ Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է տակտիկական ուսումնավարժանքը։ Պայմանական հրդեհը բռնկվել էր Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նախ տարհանվեցին աշակերտները, իսկ կամավորական հենակետի ծառայողները ժամանեցին դեպքի վայր և մեկուսացրին հրդեհը։

Այնուհետև դեպքի վայր ժամանեց Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Իրականացվեց տարածքի հետախուզում, իսկ տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց։

Վարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները՝ վերահաստատելով, որ նորաստեղծ կամավորական հրշեջ-փրկարարական թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքներում։ Միջոցառման ընթացքում որակավորված կամավորներն ստացան փրկարարական գրքույկներ և կրծքանշաններ։

Նոր հենակետի բացմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Ապարան համայնքի, «Volfire» ծրագրի, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներ։

Հենակետը ստեղծվել է ՆԳՆ փրկարար ծառայության, Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում