Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին: Թիրախում են եղել շենքեր, գրասենյակներ և պահեստներ, հրդեհներ են բռնկվել, կան զոհեր և վիրավորներ: Ռուսական ուժերը հարվածել են նաև Չեռնիգովի մարզին:
Վոլոդիմիր Զելենսկու ձևակերպմամբ՝ դա եղել է ամենաստոր հարվածներից մեկը: Նա հայտնել է, որ ավերվել են բնակելի շենքեր, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Ավերածություններ են Դնեպրում, Կրեմենչուգում, Զապորոժիեում։
«Հիմնական թիրախներից մեկը մեր էներգետիկան է։ Ռուսները ցանկանում էին ցավոտ և ցուցադրական հարված հասցնել։ Ընդհանուր առմամբ արձակվել է 70 հրթիռ, մեծ մասը՝ բալիստիկ, ինչպես նաև ԱԹՍ-ներ։ Ցավոք, դրանց միայն մի մասն է խոցվել», - հայտնել է Զելենսկին:Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածել է Բուլղարիայի ափերի մոտ գտնվող նավերի։ Ուկրաինական կողմը կապ չունի տեղի ունեցածի հետ: «Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան հատվածն ամբողջությամբ ոչ պիտանի դարձնել նավագնացության համար», - շեշտել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ ի պատասխան ուկրաինական ուժերը Ռուսաստանի Պերմի, Սամարայի և Աստրախանի մարզերում թիրախավորել են նավթաբազաներ և զորավարժարան: Զելենսկու խոսքով՝ այդ օբյեկտներն օգնում են Ռուսաստանին ֆինանսավորել Ուկրաինայի դեմ դաժան պատերազմը։
«Պատասխան գործողություն է իրականացվել նաև Սև ծովում», - եզրափակել է Վոլոդիմիր Զելենսկին:Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է 311 ԱԹՍ: Բելգորոդի մարզում կան վիրավորներ և 1 զոհ: Սոչիի մոտակայքում լցանավ է հրդեհվել: ԶԼՄ-ների տվյալով՝ թիրախում հայտնված նավթատարը եղել է ուկրաինական պատժամիջոցների ցանկում՝ Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ կապ ունենալու կասկածանքով:
Մանրամասները՝ տեսաշարում:













