Ռուսաստանում ժանտախտից հնարավոր մահվան դեպքը մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Նրա խոսքով՝ կա մտավախություն, որ հիվանդությունը կարող է տարածվել Ռուսաստանի ներսում: Եվրահանձնաժողովը նույնպես հայտարարել է, որ շատ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատասխան միջոցները համակարգել անդամ երկրների միջև:
Ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից թարմացված տեղեկություններ են փոխանցվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների և բժիշկների ոչ պաշտոնական արձագանքների՝ Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհին, որը մահացել է հոկտեմբերի 2-ին, կարող էր վարակված լինել ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու պատճառով:
Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն հաստատում ժանտախտի առկայությունը՝ նշելով, որ մահացածի մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»: Հիվանդի հետ շփում ունեցած մոտ 200 մարդ խիստ հսկողության տակ է:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։












